Այս տարվա հունիսից, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում սկսվել եւ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գավառի տեղամասի պետ Մարտին Ղուդեյանը, մոտ 1000 տնտեսություն ունեցող թաղամասին խմելու ջուր հաջողվում էր մատակարարել օրական մի քանի ժամ, քանի որ մոտ 37 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող խմելու ջրատարի ներքին ցանցը, կառուցված լինելով նախորդ դարի կեսերին, քայքայվել ու աստիճանաբար կորցնում էր շահագործման պիտանիությունը:

 

Ամբողջությամբ քայքայված մետաղյա խողովակները փոխարինվում են պոլիէթիլենային խողովակներով, կատարվում են տնային միացումներ, տեղադրվում են հաշվիչների պոլիէթիլենային դիտահորեր:

 

Օգոստոսի 28-ի դրությամբ' արդեն 200 տնտեսություններում ավարտված են հաշվիչների տեղադրման եւ տնային միացումների աշխատանքները: Հացառատի խմելու ջրատարի ներքին ցանցի նորացման աշխատանքների ավարտը նախատեսված է 2015 թվականի ամռանը, սակայն տեղամասի պետը կարծում է, որ շինարարության նման տեմպերով այն հնարարվոր կլինի ավարտել ավելի վաղ: Ծրագրի ավարտից հետո Գավառ քաղաքի Հացառատ թաղամասը կունենա շուրջօրյա անխափան ջրամատակարարում:

 

Խոսրով Խլղաթյան