Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համարում է ոչ թե քաղաքական գործիչ, այլ դասախոս, գիտության մարդ: Ըստ նրա, Էրդողանը նախագահի պաշտոնում արդեն հասցրել է սխալ որոշում ընդունել' Դավութօղլուին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սաֆրաստյանը նշում է, որ Դավութօղլուն տնտեսագիտությունից շատ հեռու է, իսկ նրա գաղափարներն արտաքին քաղաքականության ոլորտում բերեցին նրան, որ «Զրո խնդիր հարեւանների հետ» գաղափարախոսությունը դարձավ «Զրո հարեւան առանց խնդրի»:

 

«Իր ամբողջ ճանապարհը նա կերտել է համալսարանում' որպես պրոֆեսոր, ուսումնասիրություններ կատարել եւ հեռու է եղել իրական կյանքից ու քաղաքականությունից: Նրա մոտ ձեւավորվել են տեսական մոտեցումներ, որոնք նա ամփոփել է իր գրքում: Այս տեսությունն իր էության մեջ, եթե սկսի իրականություն դառնալ, նշանակում է, որ Թուրքիան շարունակելու է վարել Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականությունը, որն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ հարեւանների հետ»,- ասաց Սաֆրաստյանը' հավելելով, որ երբ Դավութօղլուն նշանակվեց արտաքին գործերի նախարար եւ հնարավորություն ու իրավունք ստացավ իրականացնելու իր գաղափարները, Թուրքիան կանգնեց մեծագույն խնդիրների առաջ թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ տարածաշրջանում հարեւանների հետ, թե՛ այլ պետությունների հետ երկկողմ հարաբերություններում, թե՛ Թուրքիայի ներսում:

 

«Եվ նման տիպի քաղաքական գործչին, որ քաղաքական ասպարեզում մեծ փորձառություն չունի, նշանակել վարչապետ' խիստ ռիսկային է հենց Թուրքիայի համար: Լինելով համալսարանի պրոֆեսոր' նա տեղյակ չէ երկրի քաղաքական իրադարձություններից: Նա մի մարդ է, որ տնտեսական կրթություն չունի եւ տնտեսությունից հեռու է: Էրդողանի կողմից Դավութօղուի առաջադրումը որպես վարչապետ' մեծ վտանգներ է պարունակում: Եթե այս իրավիճակին հավելենք նաեւ այն, որ Էրդողանն անզուսպ անձնավորություն է, որը կարող է անհասկանալի եւ հանպատրաստից քայլեր կատարել, որոնք կարող են վտանգ հանդիսանալ ոչ միայն Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի այլ հարեւանների համար, ապա այս երկու առաջնորդները Թուրքիան դարձնում են ավելի վտանգավոր»,-նկատեց թուրքագետը:

 

Ըստ Սաֆրաստյանի, վարչապետի պաշտոնում Էրդողանը պետք է առաջադրեր նախկին նախագահ Աբուլահ Գյուլի թեկնածությունը: Թուրքագետի բնութագրմամբ' Գյուլն ավելի շրջահայց քաղաքական գործիչ է, ավելի զգուշավոր քաղաքական գիծ ունի եւ շատ ավելի լավ է ծանոթ երկրում տիրող իրադարձություններին:

 

«Նա ավելի մեծ հեղինակություն ունի քաղաքական շրջանակներում, քան Դավութօղլուն, եւ նրան նշանակելն ավելի ճիշտ կլիներ»,- ասում է Սաֆրաստյանը' հավելելով, որ փաստորեն Գյուլը դուրս մնաց քաղաքական ասպարեզից, սակայն նախկին նախագահը հայտարարել է մեծ քաղաքականությունից չհեռանալու մտադրության մասին եւ այդ հանգամանքը, կարող է վճռորոշ լինել թե՛ Էրդողանի, թե ՛«Արդարություն եւ զարգացում» կուսկացության համար:

 

Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում երկրի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վարչապետի պաշտոնում կնշանակվի երկրի նախկին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով երկրի արտաքին գերատեսչությունը ղեկավարում էր 2009 թվականից: 54-ամյա Դավութօղլուն քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և գրքերի։ Դավութօղլուն ազատ տիրապետում է անգլերենին, գերմաներենին և արաբերենին։