Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը դիտորդներ կուղարկի Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլ եւ Նովոազովսկ քաղաքներ՝ հետեւելու հանրապետության հարավ-արեւելքի իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

 

«Մենք կապվել ենք Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականի հետ: Նա զեկուցել է, որ այժմ առաքելությունը ներկա չէ Մարիուպոլում եւ Նովոազովսկում, թեեւ ԵԱՀԿ-ն այդ շրջաններում խմբեր տեղաբաշխելու գործընթացում է: Դա շատ կարեւոր է, քանի որ մենք փորձում ենք պարզել, թե ինչ է կատարվում տեղում»,- ասել է Ֆելթմանը:

 

Նրա խոսքով՝ ներկայում ՄԱԿ-ը չի կարող հաստատել Ուկրաինայի տարածք ռուսական զորք մտցնելու վերաբերյալ Կիեւի պնդումները, չի կարող անտեսել «այդ տագնապալի հաղորդումները»: «Եթե դրանք հաստատվեն, ապա այդ գործողությունները կլինեն միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության ուղղակի խախտում»,- հավելել է Ֆելթմանը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: