Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած առաջին որոշումներից մեկն այն է եղել, որով նա ապասառեցրել է Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպության գլխավոր ֆինանսավորողներից մեկի' Վա'ել Համզա Ալ Ֆաթահ Ջուլայդանի ունեցվածքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է թուրքական պաշտոնական «Ռեսմի գազեթե» թերթը' հրապարակելով Թուրքիայի նախագահի կողմից վավերացված կառավարության որոշումը:

 

Վա'ել Համզայի ունեցվածքը Թուրքիայի նախարարաների խորհրդի որոշմամբ սառեցվել էր 2013 թվականի սեպտեմբերի 13-ին: Անկարան դա արել էր միջազգային հանրության' հատկապես ԱՄՆ-ի համառ հորդորների արդյունքում:

 

Վա'ել Համզան հայտնի է որպես Ալ Կաիդայի կարեւոր անուն եւ ֆինանսավորող: Հայտնի գործարարը Թուրքիայում Մարամ կոչված ընկերություն ուներ: Նա իր եկամուտներից մեծ ֆինանսական հատկացումներ էր կատարում Ալ Կաիդայի զինյալներին, որի թեւերից մեկն էլ հանդիսանում է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած հատվածներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը:

 

Թուրքական DemokratHaber լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ին արվող աջակցության, ինչպես նաեւ այդ ահաբեկչական խմբավորման' Թուրքիայի տարածքում կազմակերպվելու մասին տեղեկություններն այդ երկրում «պետական գաղտնիք» են համարվում:

 

Կայքը որպես օրինակ նշում է ԻԼԻՊ-ի ունեցվածքի հետ կապված Այնթապի փաստաբանների միության կողմից Այնթապի ոստիկականական տնօրինությանն արված հարցմանը վերջինիս տված պատասխանը, որում նշվել է, որ «պետական գաղտնիք հանդիսացող գաղտնիության աստիճանի տեղեկություններն ու փաստաթղթերը տեղեկացված լինելու իրավունքի շրջանակից դուրս են»:

 

Թուրքական եւ միջազգային մամուլը բազմաթիվ հոդվածներ եւ փաստաթղթեր է հրապարակել Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ին արվող թիկունքային աջակցության, զենքով, զինամթերքով, ռազմական հրահանգիչներով ապահովելու, ինչպես նաեւ ԻԼԻՊ-ին միանալու համար տարբեր երկրներից ժամանած ջիհադականներին թուրքական սահմանակետերով հանգիստ կերպով Սիրիա եւ Իրաք անցկացնելու մասին: