ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 29-ին արարողակարգային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի, ՀՀ-ում ռազմական կցորդի դիվանագիտական առաքելությունն ավարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզայի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյեդ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ: Դեսպան Ռեիսին ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել նորանշանակ ռազմական կցորդին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

 

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը գնդապետ Համիդ Ռեզա Միրզայիին շնորհակալություն է հայտնել կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար, իսկ նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն է մաղթել մեր երկրում իր հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում: