Ոստիկանության զորքերի հրամանատարությունում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել խորհրդակցություն' ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ: Օրակարգում եղել են առաջիկայում կայանալիք վարժանքների կազմակերպչական խնդիրները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության տարբեր ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

 

Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել ինչպես ոստիկանության զորքերի, այնպես էլ հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված մյուս անձնակազմերի պատրաստականության, նյութատեխնիկական հագեցվածության, հոգեբանական վիճակի, բարոյակամային որակների բարելավման խնդիրներին:

 

Առանձնացնելով արտաքին ծառայությունների գործունեության առաջնահերթությունները՝ ոստիկանության պետն ընդգծել է ծառայողների բարձր պատրաստվածության և պրոֆեսիոնալ գործողությունների նշանակությունը հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ:

 

Առաջիկա վարժանքների պլանի և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:

 

Մի շարք հրատապ հարցերի քննարկումից հետո, խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ են տրվել' վարժանքները նախատեսված ժամանակում և լիարժեք նախապատրաստելու ուղղությամբ: