«Mediamall.am»   լրատվականն առաջարկում է ծանոթանալ անցնող օրվա կարևորագույն նորություններին.


Մարտական դիրքում զինվոր է զոհվել

 

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում օգոստոսի 28-ին' ժամը 18:30-ի սահմաններում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը (ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ):

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

***
 
 
Նալբանդյանն Էրդողանին է հանձնել Սերժ Սարգսյանի հրավերը՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը (ֆոտո)
 
 
 
Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա գտնվեց Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։

Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց ունեցավ Նախագահ Էրդողանի հետ, որին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

 

***

 

Եվրախորհրդի նոր նախագահ կարող է դառնալ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը

 

Եվրոպայի ղեկավարները համոզում են Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին՝ զբաղեցնելու Եվրախորհրդի նախագահի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Լեհաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայան:

«Եվրոպայի ղեկավարներն ավելի ու ավելի ակտիվորեն են համոզում Դոնալդ Տուսկին՝ զբաղեցնելու ԵՄ-ի նախագահի պաշտոնը: Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի վարչապետը: Նա լրջորեն է դիտարկում այդ առաջարկը՝ վերլուծելով հետեւանքները Լեհաստանի, նրա անվտանգության համար, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների լույսով»,- ասել է մամուլի քարտուղարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

***

 

Երևանում ավտովթարի է ենթարկվել ՊՆ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբորորդին. Shamshyan.com

 

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 5-րդ զանգվածի բնակիչ, 21-ամյա Բախշիկ Բաղմանյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 777 NM 71 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի թիվ 138 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ, 54-ամյա Պետրոս Աբգարյանի վարած ԶԻԼ մակնիշի 19 OՏ 847 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Վազ 2121-ի վարորդ Բ. Բաղմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Բ. Բաղմանյանը ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբոր որդին է, ով սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

 

***

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային համաժողով տեղի կունենա

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային համաժողով տեղի կունենա 2015 թվականի մարտի 13-15-ը Նյու Յորքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, «Պատասխանատվություն 2015» խորագիրը կրող եռօրյա համաժողովին կմասնակցեն անվանի պատմաբաններ, քաղաքականություն ձևավորող անձիք, գրողներ և արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից:

Ծրագիրը բաղկացած է առավոտյան և ցերեկային քննարկումներից, որոնց կենտրոնում կլինեն ցեղասպանության դեպքերի արդարադատությանը և փոխհատուցմանը, ցեղասպանագիտական հետազոտություններին, համերաշխության կառուցմանը, ցեղասպանությունների և զանգվածային բռնությունների գեղարվեստական արձագանքներին առնչվող թեմաներ:

Համաժողովի ընթացքում կցուցադրվեն Ցեղասպանության վերապրածներին նվիրված լուսանկարներ և արվեստի գործեր:

Կազմակերպիչն է' Միացյալ Նահանգների Արևելյան շրջանի ՀՅԴ գրասենյակի' Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովը:

 

***

 

Կանադայում շուրջ 60 մարդ Է տուժել միջքաղաքային ավտոբուսի շրջվելու հետևանքով

 

Միջքաղաքային ավտոբուսի առնվազն 56 ուղեւորներ վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ այն շրջվել Է Կանադայի արեւմուտքի Մերիտ քաղաքից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին հաղորդել Է երկրի CBC հեռուստաալիքը:

Վեց մարդ գտնվում Է օրհասական վիճակում: Նրանց հիվանդանոց են հասցրել ուղղաթիռով: Ծանր վնասվածքներ Է ստացել15 ուղեւոր. նրանց մոտ փակ եւ բաց կոտրվածքներ են: Մնացած 35 հոգու մոտ գրանցվել են նվազ լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կտրած վերքերը, քերծվածքները եւ ջարդվածքները:

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը պարզվում Է: Հայտնի Է, որ ավտոբուսը մխրճվել Է ճանապարհային ջրազատիչի մեջ, ինչից հետո շրջվել Է:

Միջադեպը տեղի Է ունեցել Բրիտանական Կոլումբիայի նահանգում՝ Մերիտ քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ավտոբուսն այդ քաղաքից մեկնել Էր Վանկուվեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

***

 

Պապուա Նոր Գվինեայում սկսվել Է Տավուրվուր հրաբխի ժայթքումը

 

Պապուա Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզում սկսել Է ժայթքել Տավուրվուր հրաբուխը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ավստրալիայի զանգվածային լրատվամիջոցներին:

Ժայթքման վայրում կատարված լուսանկարներում երեւում են հրաբխաերախից դուրս եկող բոցի լեզուները եւ ծխի վիթխարի քուլաները: Կատարվում Է տեղի բնակչության տարահանում:

1994 թվականին 688-մետրանոց Տավուրվուրի եւ հարեւան Հրաբուխ լեռան ժայթքումներն ավերել են մերձակա Ռաբաուլա քաղաքի զգալի մասը, թեեւ ժամանակին կատարված տարահանման շնորհիվ զոհերի թիվը մեծ չի եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

***

 

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն կախված է հանգամանքներից

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ օգոստոսի 28-ին, հարցազրույց է տվել ռուսալեզու "Ноев Ковчег" թերթին: Երկրորդ նախագահը խոսել է իր պաշտոնավարման տարիների, Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին, անդրադարձել տնտեսության վիճակին, Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպմանը և այլ հարցերի: "Ноев Ковчег"-ին տված հարցազրույցը թարգմանությամբ, ներկայացնում ենք ստորև:

- Ռոբերտ Սեդրակի, Դուք տասը տարի'1998-ից մինչև 2008 թվականը, եղել եք Հայաստանի նախագահը: Այդ ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսության ու քաղաքականության մեջ տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ: Հայաստանը մտավ ԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ակտիվորեն կարգավորվում էին Ռուսաստանի հետ գործարար կապերը, ավարտին հասցվեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը և այլն: Գրանցվում էր տնտեսական ցուցանիշների ամենամյա աճ, ընդ որում' էական: Ինչպե՞ս եք ինքներդ գնահատում այդ ժամանակաշրջանը և Ձեր գործունեությունը Հայաստանի նախագահի պաշտոնում:

Այդ տարիներին Հայաստանը առավել արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների տասնյակում կայուն տեղ էր գրավել: Տասը տարվա կտրվածքով ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմում էր 10,5% , տարեկան միջին գնաճի մոտ 3%-ի և ՀՆԱ-ի համեմատ անշեղորեն կրճատվող արտաքին պարտքի պայմաններում /1998թ-ՀՆԱ-ի -46%, 2008թ-ին ՀՆԱ-ի -13%/: Ընդ որում, կայուն կերպով աճում էր տնտեսության մեջ փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը, նկատելիորեն աճել էին սոցիալական ծախսերը, մեծածավալ ներդրումներ էին իրականացվում երկրի ենթակառուցվածք-ներում: Իսկ դա նշանակում է, որ տնտեսական աճի պտուղները բաշխվում էին հասարակության լայն շերտերի մեջ, ինչն էլ հանգեցրեց աղքատության զգալի կրճատման: Զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն:

- Ի դեպ, այդ տասնամյակը կարելի է կոչել միջճգնաժամային. Դրա մեջ ներառվում են մի ճգնաժամի հետևանքների հաղթահարումն ու բախումը մեկ այլ' ընդ որում համաշխարհայինի հետ: Ի՞նչ կասեք այդ յուրահատկության մասին, և ինչքանո՞վ է Հայաստանը ներառված ընդհանուր տնտեսական համակարգում:

Ճգնաժամեր եղել են և այդ տարիներին: Դա 1998 թվականի ռուսական դեֆոլտն էր խիստ ծանր հետևանքներով, «դոթքոմ»-երի ճգնաժամը ԱՄՆ-ում /2000թ/ և 1997-98թթ. ասիական ճգնաժամը: Դրանք բոլորն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունեցել ինչպես տնտեսության վրա ամբողջապես, այնպես էլ նրա առանձին հատվածների: Հայաստանը ներգծված է համաշխարհային տնտեսության մեջ, և այն ամենը, ինչն ազդում է համընդհանուր տնտեսության վրա, չի կարող չազդել նաև մեզ վրա:Շարունակությունն` այստեղ:



***


ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ Բակո Սահակյանը պետական պարգևներ և կոչումներ է շնորհել մի խումբ անձանց


Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար «Մարտական խաչ&raquo ; 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 2 հոգի' հետմահու:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 4 հոգի: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 83 հոգի, որից 7-ը' հետմահու:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է 4 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով' 4 հոգի, «Երախտագիտություն» մեդալով' 26 հոգի:

Մշակույթի, արվեստի, ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:

 

***

 

Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկիր է տեղափոխվել

 

Ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից տեղափոխել են երրորդ երկիր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Արման Ինջիղուլյանը։ «Այլ տեղեկություններ այս պահին չունենք: Միայն գիտենք, որ նրան երրորդ երկիր են տեղափոխել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր են տեղափոխել օգոստոսի 26-ին , իսկ հարազատները միայն երեկ են այդ մասին իմացել:

2013թ. օգոստոսի 8-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը հայտնվել էր ադրբեջանական տարածքում և գերեվարվել հակառակորդի կողմից։

 

***

 

Նորատուս գյուղում ցուլը մարդ է սպանել

 

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հանդում նույն գյուղի բնակիչ, 78 տարեկան Ժորա Գասպարյանը դարձել է ցուլի կատաղության զոհը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Կարապետյանը, Ժորա Գասպարյանը մահացել է Գավառի բժշկական կենտրոնում, տրավմատիկ շոկից: Դիահերձմամբ պարզվել է, որ ցուլն իր զոհին պատճառել է լուրջ մարմնական վնասվածքներ' կրծքավանդակի և աջ ու ձախ կողոսկրերի կոտրվածքներ, ներքին արյունահոսություն: Հանգուցյալի համագյուղացիների ներկայացմամբ' դեպքը տեղի է ունեցել Նորատուսի հանդում, որտեղ Ժորա Գասպարյանն անասուններ է արածեցրել: Համագյուղացիներից մեկի ցուլը նրան հարվածել է թիկունքից և անակնկալ' փախչելու կամ պաշտպանվելու հնարավորություն չտալով իր զոհին:

 

***

 

Ալիևը զանգահարել է Դավութօղլուին

 

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը շտապել է շնորհավորել Ահմեդ Դավութօղլուին' Թուրքիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ալիևը հաջողություն է մաղթել Դավութօղլուին ստանձնած նոր պաշտոնում: Թուրքիայի նորանշանակ վարչապետն էլ շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և ուշադրության համար:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունները կշարունակվեն և կզարգանան բոլոր ոլորտներում:

 

***

 

ԱՄՆ պետդեպն անհանգստացած է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների դեպքերով

 

ԱՄՆ Պետդեպարտամենտը խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ վերջին շրջանում կիրառվող բռնությունների կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջեն Պսակին:

Նա ընդգծել է, որ վերջին շրջանում իրենք հաճախակի ստանում են մտահոգիչ տեղեկություններ՝ կապված քաղաքացիական հասարակության կամ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ պետության ցուցաբերած վերաբերմունքի հետ:

«Մենք խստորեն մտահոգված ենք այն փաստի կապակցությամբ, որ ադրբեջանական կառավարությունը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում իր ստանձնած միջազգային պարտավորվածություններն ու պարտականությունները: Եվ մենք ականատեսն ենք եղել մի քանի դեպքերի, որոնք ավելի են մեծացնում մեր մտահոգությունն այս հարցում:

Այդ իսկ պատճառով մենք Ադրբեջանին կոչ ենք անում հարգել իր քաղաքացիների համընդհանուր իրավունքները, վստահեցնել, որ նրանք իրենց քաղաքացիներին տրամադրում են արդար դատավարության երաշխիքներ և թույլ են տալիս ազատորեն արտահայտել իրենց մտքերը»,- հայտարարել է Պսակին' նշելով, որ այդպիսով պաշտոնական Բաքուն լավագույնս կարող է նպաստել իր երկրի բարգավաճմանն ու կայունությանը:

 

***

 

Շարմազանովը Քոչարյանի հարցազրույցը մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցում նոր շեշտադրումներ չկան և այն մեկնաբանելու անհրաժեշտություն չկա:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ առաջին անգամ չէ, որ այս կամ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյան հարցազրույց է տալիս, և սա էլ ՀՀ երկրորդ նախագահի հերթական հարցազրույցներից մեկն էր: «Այդ հարցազրույցում որևէ նոր շեշտադրում չկա, և մեկնաբանելու անհրաժաշետություն չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Հարցին, թե կիսում է ՀՀ երկրորդ նախագահի տեսակետը Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ, Շարմազանովը պատասխանեց, որ ինքը կիսում է միայն իր կուսակցության տեսակետը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի Դաշնությունում հրապարակվող «Նոև Կովչեգ» ռուսալեզու պարբերականին և անդրադարձել բազմաթիվ հարցերի: Քոչարյանն ասել է, թե ՀՀ տնտեսության զարգացման համար բավարար նախադրյալներ չկան:

 

***

 

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

Ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից 2014 թվականի հունիս-օգոստոսին տարբեր տեսակի զենքերից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ' միջազգային ահաբեկչության հատկանիշներով:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան էջից:

«Փաստական տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից կրակահերթեր են արձակվել ականանետերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, զենիթաինքնագնաց կայաններից' Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրականացնելով պայթյուններ եւ հրկիզումներ' ուղղված ՀՀ քաղաքացիներին ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, հայկական բնակավայրերի ճանապարհները, հաղորդակցման, կապի միջոցները, գույքը, ցանքատարածքները վնասելուն:

Քրեական գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծ առայություն, որտեղ էլ շարունակվում է նախաքննությունը»,- ասվում է գրառման մեջ: