Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ' Դարիալի կիրճի ավտոճանապարհը բացվել է: Ինչպես հաղորդել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը' այսօրվա ընթացքում ավտոմեքենաները կկարողանան շարժվել սահուն կերպով, իսկ օգոստոսի 30-ի 18:00-ից մինչ հաջորդ օրվա 07:00-ն, ելնելով անվտանգությունից, «Լարս»-ի մաքսակետում կլինեն սահմանափակումներ:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ավտոմեքենաների շարժը կիրականացվի պարեկային ոստիկանության համակարգման միջոցով:

 

Վրաստանի վարչապետն այցելել էր Դարիալի կիրճ' ծանոթացել ստեղծված իրավիճակին: Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարականով' սողանքի հետևանքով տուժած ճանապարհի և մաքսակետի վերականգնման աշխատանքներն ընթացել են ինտենսիվ ռեժիմով: Տեղում մոբիլիզացվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք կշարունակեն աշխատանքը:

 

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով' սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 23-ին' առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: