Երեւանի ճգնաժամային կառավարման կենտրոնից օգոստոսի 29-ի ժամը 14:32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի 1-ին փողոցի 5-րդ տանն օձ է նկատվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, ժամը 15:00-ին նրանց աշխատակիցների կողմից օձը բռնվել եւ տարվել է անվտանգ գոտի:

 

Այս տարի մարզի Արարատի եւ Մասիսի տարածաշրջաններում ավելացել են հայտնաբերված սողունների թիվը եւ խայթոցների դեպքերը, ինչը, մասնագետների բացատրմամբ, պայմանավորված է շոգ եղանակով:

 

Սողունները որոնում են առավել զով տարածքներ, իսկ այդպիսիք հանդիսանում են այն տները, որտեղ բնակիչները ժամանակավորապես չեն բնակվում, եւ այն հողամասերը, որոնք չեն մշակվում: Այդ տարածքներն էլ նրանց բազմացման համար նպաստավոր են: Բացի այդ, սողունները բնակավայր են գալիս խոտի հակերի եւ խուրձերի միջոցով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, բարեբախտաբար, մարզում մարդկային զոհեր չեն գրանցվել շնորհիվ այն բանի, որ բոլոր բժշկական կենտրոնները եւ բուժամբուլատորիաներն ապահովված են անտիգյուրզինով, իսկ բուժանձնակազմը տիրապետում է ներարկման տեխնիկային:

 

Մայիսի 11-ից օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում մարզում գրանցվել է օձի խայթոցի 18 դեպք:

 

Լիլիթ Մաճկալյան