Չեխ խորհրդարանականը ցավակցություն է հայտնում ադրբեջանական գերության մեջ սպանված հայազգի Կարեն Պետոսյանի մահվան կապակցությամբ և հուսով է' նրա մարմինը կվերադարձվի ընտանիքին որքան հնարավոր է շուտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Հայ-չեխական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ռոբին Բյոհնիշը:

 

«Առաջին հերթին, կցանկանայի իմ ցավակցությունը հայտնել Կարեն Պետրոսյանի հարազատներին և հույս հայտնել, որ ադրբեջանցիները կվերադարձնեն նրա մարմինն ընտանիքին որքան հնարավոր է շուտ: Անկախ երկու երկրների միջև առկա լարվածությանից' ես Ադրբեջանի իշխանությունների պահվածքը Կարեն Պետրոսյանի դեպքի առնչությամբ համարում եմ անընդունելի: Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, Արևելյան գործընկերության ծրագրի անդամ է, և այն պետք հասկանա, որ իր քայլերը համատեղելի չեն եվրոպական արժեքների հետ: Եթե Ադրբեջանի իշխանություններն իրենք չլուծեն հարցը, ես հուսով եմ' միջազգային հանրությունը բավականաչափ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները հետաքննելու և մեղավորներին պատժելու համար»,-ասաց պատգամավորը:

 

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի անընդհատ խախտման դեպքերին' Ռոբին Բյոհնիշը նշեց, որ դրանով ավելի է ընկնում Ադրբեջանի հեղինակությունը: «Այս գործողությունները ոչ միայն խաթարում են Մինսկի խմբի ջանքերը, այլ միևնույն ժամանակ վտանգի են ենթարկում ողջ Հարավային Կովկասի կայությունը: Ընթացիկ իրավիճակը ողջ տարածաշրջանում պետք է տեղի ղեկավարների համար խթան հանդիսանա, որպեսզի զարգացնեն իրենց երկրները' ի բարօրություն բոլոր քաղաքացիների, և հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ձևավորեն»,- ընդգծեց նա:

 

Օգոստոսի 7-ին անհայտ հանգամանքներում հատելով սահմանը Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան մահացավ ադրբեջանական գերության մեջ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության' նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Փորձագետները համոզված են, որ նրան սպանել են' դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկելով, ինչպես նախկինում այլ գերիների պարագայում: Ադրբեջանական կողմն ուշացնում է անհայտ պ այմաններում մահացած Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձը' փորձելով խոչընդոտներ ստեղծել դիակի դատաբժշկական քննության համար: