Գիտելիքի ու դպրությանը օրը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը 121-րդ անգամ դռեները բացեց իր աշակերտների առջեւ:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Մարտունի քաղաքի թիվ է հիմնական դպրոցի տնօրեն Խանում Ղազարյանը, դպրոցը 19-րդ դարի վերջերին իր գործունեությունը սկսել է մարտունեցիներից մեկի օդայում, ապա ժամանակի ընթացքում ունեցել դպրոցական շենքեր, որոնցից վերջինը կառուցվել եւ շահագործվել է 1976 թվականին:

 

121 տարիների ընթացքում դպրոցը տվել է նշանավոր մարդկանց մի աստղաբույլ' ֆիզիկոս, Ռենե Դեկարտի անվան մրցանակակիր Վարդան Սահակյան, ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների դոկտոր Վահան Սահակյան, մաթե մատիկոս, ԵՊՀ դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Իշխան Խաչատրյան, պատմական գիտությունների դոկտոր Վանիկ Պողոսյան, բազմաթիվ այլ նշանավոր դեմքեր, գիտական, գրական, մշակութային ու հասարակական գործիչներ:

 

2014-2015 ուսումնական տարում Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց կհաճախի 285 աշակերտ: Դպրոցում կգործի 14 դասարան: 42 շրջանավարտի փոխարեն այս տարի դպրոց է ընդունվել 43 առաջին դասարանցի: Նրանք տեղավորվել են երկու դասարաններում: Դպրոցն ապահովված է բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներով' 33 ուսուցիչ, ուսմասվար եւ տնօրեն:

 

Դպրոցի շենքը վերանորոգված է, ապահովված ջեռուցման համակարգով, դասագրքերով, դիդակտիկ նյութերով եւ դասապրոցեսն անխափան դարձնելող անհրաժեշտ պարագաներով:

 

«Գավառում կայացած «Բարբառների երկխոսություն» մրցույթում մեր դպրոցի սան Նառա Ավետիսյանն արժանացավ առաջին մրցանակի: «Ազգային ժողովի գավաթի» մրցումներում դպրոցի 4 թիմերը նվաճեցին մարզայինի ուղեգիր, իսկ մեկը' նվաճեց հանրապետական փուլին մասնակցելու իրավունք: Դպրոցի աշակերտները վերջին տարիներին լուրջ հաջողություններ ունեն ասմունքի փառատոններում: Երկու անգամ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում առաջին կարգի մրցանակ է նվաճել Էռնա Պետրոսյանը:

 

Հայաստանի Հանրապետությունում որակյալ կրթության ապահովմանն ու ամրապնդմանը նպաստող dasaran.am կայքի հայտարարած «Նոր սերնդի դպրոց» մրցույթում կրթօջախը 2 անգամ հաղթողների շարքում է եղել եւ առաջին անգամ, որպես մրցանակ, ստացել է համակարգիչ, իսկ երկրորդ անգամ դպրոցը համալրվել է նոր գրադարանով' 878 հատոր գրականությամբ:

 

Նույն կայքի կողմից հայտարարված «6-րդ դասարանների աշակերտների ընթերացանության օլիմպիադայում» դպրոցի աշակերտ Արփինե Հակոբյանն արժանացել է առաջին կարգի մրցանակի»,-նշեց տնօրեն Խանում Ղազարյանը:

 

Պատմություն կերտած այս դպրոցում կազմակերպվել էր Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին նաեւ Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, մարզպետարանի եւ զինկոմիսարիատի ներկայացուցիչները, ծնողներ ու մանկավարժներ: Հնչեցին շնորհավորական ուղերձներ եւ նախորդ ուսումնական տարվա մեջ գերազանց առաջադիմություն ունեցող 48 աշակերտի հանձնվեցին գովասանագրեր:

 

Խոսրով Խլղաթյան