ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին այցելել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 33 և 39 հիմնական դպրոցներ, որտեղ ուսանել է տարիներ առաջ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Կարևորելով գիտելիքի ու դպրոցի դերը պետության զարգացման գործում' Գագիկ Բեգլարյանը նշել է, որ յուրաքանչյուր հայ ընտանիքի համար միշտ մեծ արժեք է եղել լավ սովորող երեխա ունենալը:

 

Տոնական օրը հուզումնառատ է եղել հատկապես առաջին դասարանցիների համար: Նրանք ասմունքով, երգով են դիմավորել ու ողջունել նախարարին: Գագիկ Բեգլարյանը, շնորհավորելով նրանց, մաղթել է հաջողություն ուսման մեջ, նշել, որ սա նրանց կյանքի ամենանշանակալից օրերից մեկն է, քանի որ այսօրվանից է մեկնարկում գիտելիքների ձեռքբերման ճանապարհը։

 

Փոքրիկ Միլենաները երբեք չեն մոռանա դպրոցական առաջին օրը. նրանց իրենց դասասենյակ է ուղեկցել ինքը՝ նախարարը: Օրը հիշարժան է եղել առաջին դասարանցիների համար նաև նրանով, որ Գագիկ Բեգլարյանը յուրօրինակ դաս է անցկացրել նրանց հետ։ Փոքրիկները խոստացել են, որ լավ կսովորեն: Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կրթությունը այն ոլորտն է, որի զարգացման գործում ամեն մի հայ մարդ իր հնարավորությունների սահմաններում պետք է ներդրում ու աջակցություն ունենա: