Սահմանամերձ շրջանների զարգացում. սահմանամերձ գյուղերում ապրող գյուղացիների կենսամակարդակի բարելավում ու այդ կերպ սահմանի ուժեղացում: Սա այն գլխավոր առաքելությունն է, որով երեք տարի առաջ իր գործունեությունը սկսեց «Սահման» հասարակական կազմակերպությունը:


Յոթ հոգուց բաղկացած կազմակերպության գործունեության մասին այսօր գիտեն բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, հիմնադրա մներ, սփյուռքահայեր: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի խնդիրներն ու դժվարությունները կազմակերպության անդամները ներկայացնում են ամենատարբեր հիմնադրամներին եւ նրանց առաջարկում աջակցել գյուղերում գյուղատնտեսության զարգացմանը: Այսօր արդեն «Սահման»-ի գործունեության արդյունքները վայելում են սահմանամերձ Բերքաբեր եւ Բարեկամավան գյուղերի բնակիչները:


Այս երկու գյուղերում 15 ջերմոց է կառուցվել, ինչը նպաստում է կենսամակարդակի բարձրացմանն ու միաժամանակ կանխում արտագաղթը:


«Մինչ նախաձեռնության մեկնարկը պարզեցինք, որ սահմանամերձ գյուղերի հողերը չեն օգտագործվում, քանի որ գտնվում են հակառակորդի սահմանին կամ նրանց դիպուկահարների կրակի տակ: Սակայն գյուղերում այլ աշխատանք չկա եւ լավագույն լուծումը հողագործությամբ զբաղվելն է: Հենց այդ պատճառով որոշեցինք, որ գյուղատնտեսության զարգացման լավագույն լուծումը պարզ ջերմոցների կառուցումն է:

 

Պայմանն այն է, որ յուրաքանչյուրը պետք է 100 քմ հող ունենա, մնացյալ հարցերը հոգում է «Սահման»-ը»»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  «Սահման» ՀԿ համահիմնադիր եւ նախագահ Գայանե Գեւորգյանը` հավելելով, որ ընտանիքների ընտրության գլխավոր չափորոշիչն այն է, որ դիմողները լինեն երիտասարդ եւ բազմազավակ:

 

 

Գայանե Գեւորգյանը նշում է, որ Տավուշի մարզում եղանակը բարենպաստ է գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, սակայն տեղացիներն Արարատյան դաշտից էին մթերք բերում եւ 2-3 անգամ թանկ վերավաճառում: Այդ խնդիրը կամաց-կամաց լուծվում է, քանի որ աճեցվող պոմիդորը, վարունգը, պղպեղն ու մնացած բանջարաբոստանային կուլտուրաները տեսքով եւ որակով լավն են ու այն հանվում է նաեւ վաճառքի: 

 

«Համագործակում ենք ագրո մասնագետների հետ, ովքեր անցկացնում են դասընթացներ: Կառուցվում են ջերոցներ, սերմերը, պարարտանյութն ու պայքարի միջոցներ նույնպես մենք ենք տրամադրում: Երկու տարի շարունակ իրականացնում ենք խորհրդատվություն, աջակցություն, որպեսզի ընտանիքը կարողանա ոտքի կանգնել եւ զարգացնել իր փոքրիկ բիզնեսը:

 

Երկու տարի անց մեր ուշադրությունը սեւեռում ենք արդեն հաջորդ ընտանիքի վրա եւ նրա համար կառուցում ջերմոց: Ստացված արդյունքից կազմակերպությունը որեւէ շահույթ չունի: Պայմանն այն է, որ գյուղացին պետք է բարեխիղճ աշխատի եւ սեզոնի կտրվածքով  բերքի 25 տոկոսը տրամադրի համայնքին, գյուղի այլ ծախս հոգալու կամ իր հարեւանի համար ջերմոց կառուցելու համար:

 

Այս կերպ փորձում ենք ծրագրի վերարտադրությունն ու կայունությունն ապահովել: Ինչ վերաբերում է ոռոգմանը, ապա կա մեծ պրոբլեմ ջրի հետ կապված եւ մենք որոշեցինք արդյունավետությունն ապահովելու համար կաթիլային տարբերակով իրականացնել ոռոգում»,- ասաց Գայանե Գեւորգյանը:

 

 

 

Այժմ կազմակերպության նպատակը ջերմոցային ինքնաբավ տնտեսության ստեղծումն է, ինչին էլ կհաջորդի արդեն կոոպերատիվների գործունեությունը: Ինչ վերաբերում է վաճառքին, Գայանե Գեւորգյանը հավաստիացնում է, որ մինչ օրս որեւէ խնդիր չի եղել, սակայն իրենք պատրաստ են նաեւ այդ հարցում իրականացնել խորհրդատվություն եւ համապատասխան դասընթաց:

 

Բացի ջերմոցային տնտեսությունների ստեղծումից, այժմ երկու համայնքներում իրականացվում է մեղվաբուծության լուրջ ծրագիր եւ գյուղացիների մի մասն էլ մեղրագործությամբ է զբաղվում: Առաջիկա ծրագրերից է նաեւ չրանոցների ստեղծումն ու չրի արտադրության հիմնումը:

 

Հասմիկ Հարությունյան