Գերմանական «Շպիգել» պարբերականը Գերմանիայի հատուկ ծառայությունների կողմից Թուրքիային գաղտնալսելու վերաբերյալ արած հրապարակումից հետո այժմ գրում է, թե Անկարան հայտնվել է նաև ամերիկյան հետախուզական ծառայությունների թիրախում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Գերմանական լրատվամիջոցի տեղեկացմամբ' ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (NSA) կողմից թուրքական պետությանը գաղտնալսելու վերաբերյալ տեղեկությունը բացահայտել է Էդվարդ Սնոուդենը, ով այժմ ապաստանել է Ռուսաստանում:

 

Բարձրաստիճան թուրք պաշտոնյաներին գաղտնալսելուց բացի, ամերիկյան հատուկ ծառայությունները երկակի խաղ են խաղացել և Թուրքիայի պետական շրջանակների համար էլ գաղտնալսել են Քրդական բանվորական կուսակցությանը:

 

Ավելի վաղ գերմանական պարբերականի լուրն այն մասին, թե Գերմանիայի արտաքին հետախուզական ծառաությունները 2009 թվականից գաղտնալսում են Թուրքիային, թուրք-գերմանական միջպետական սկանդալի պատճառ էր դարձել: Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանից բացատրություն էր պահանջվել գաղտնալսելու համար: