Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը' բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին' ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաեւ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան:

 

Ավելի ուշ, օգտագործելով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու եւ սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցադրման իրավունքը, որն ամրագրված է միութենական օրենսդրության մեջ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության անկախության մասին հանրաքվե անցկացնելու շուրջ: 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեին, որն անցել է տարբեր տեսակի զենքերից հայկական բնակավայրերի անդադար հրետակոծության ներքո, մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Այդ հանրաքվեին մասնակցել են նաեւ Գետաշենի ենթաշրջանի բնակիչները, դրանով իսկ իրավական տեսակետից ամրագրելով ենթաշրջանի' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ մտնելը: Քվեարկությանը չմասնակցած մարդկանց մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներն էին: Քվեաթերթիկները տպագրվել էին երեք լեզուներով' հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն: Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքները, նրա ժողովրդավարական եւ թափանցիկ լինելը հաստատել էին արտասահմանյան անկախ դիտորդները:

 

1991թ. դեկտեմբերի 28-ին ձեւավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն /խորհրդարան/ ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

 

1992թ. օգոստոսին Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ ԼՂՀ-ում ստեղծվում է Պաշտպանության պետական կոմիտե /ՊՊԿ/, որին է փոխանցվում ողջ գործադիր եւ մասամբ օրենսդրական իշխանությունները: ՊՊԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, ում վրա են դրվում հանրապետության վարչապետի պարտականությունները:

 

1994թ. դեկտեմբերի 21-ին Գերագույն խորհդրդի որոշմամբ ԼՂՀ-ում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ, եւ առաջին նախագահ է ընտրվում ՊՊԿ-ի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Համաձայն «ԼՂՀ Նախագահի մասին» օրենքի, պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է կայանային 2 տարի անց' համընդհանուր, հավասար եւ ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա' հինգ տարի ժամկետով: Եվ 1996թ. նոյեմբերի 24-ին ԼՂՀ Նախագահի առաջին համաժողովրդական ընտրություններում պետության ղեկավար է վերընտրվում Ռոբերտ Քոչարյանը / քվեների 88.91%/ :

 

Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելու կապակցությամբ, 1997թ. սեպտեմբերի 1-ին ԼՂՀ-ում տեղի են ունենում Նախագահի արտահերթ ընտրություններ: Պետության Նախագահ է ընտրվում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը /քվեների 89.32%/: 2002թ. օգոստոսի 11-ին Արկադի Ղուկասյանը վերընտրվում է հանրապետության Նախագահի պաշտոնում /88.95%/:

 

2007թ. հուլիսի 19-ին Լեռանային Ղարաբաղում անց են կացվում հանրապետության ղեկավարի 4-րդ համաժողովրդական ընտրությունները: Ձայների ճնշող մեծամասնությամբ /85.1%/ Նախագահ է ընտրվում Բակո Սահակյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

 

2012 թվականի հուլիսին կայացած նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը վերընտրվել է: