Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու եւ հրավեր-նամակը փոխանցելու Հայաստանի նախաձեռնությունը Ֆրանսիան գնահատում է դրական եւ ողջունում ցանկացած նախաձեռնությունը, որ կբերի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Ֆրանսիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանն ու երկխոսությանը' ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման»,- ընդգծեց դեսպանը:

 

Օգոստոսի 28-ին Անկարայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահին է փոխանցել 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերը:

 

Մինչ այդ, մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել էր Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին:

 

«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից' պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- հայտարարել էր ՀՀ նախագահը:

 

Ապրիլի 24-ին Փարիզում կայացած ոգեկոչման արարողության ժամանակ էլ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է հայտարարել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կնշի Երեւանում' Ծիծեռնակաբերդի բարձունքում: Ֆրանսիայի նախագահը Երեւան կատարած պետական այցի շրջանակում վերահաստատեց 2015թ. ապրիլի 24-ին Երեւան այցելելու իր պատրաստակամությունը: