Վերջին 23 տարվա Արցախի անկախության տարեդարձներից այս մեկը կարելի է և պետք է առանձնացնել։ Արդեն մեկ ամսից ավելի է անցել հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից այս 20 տարիների ընթացքում հրահրված ամենալայնածավալ դիվերսիոն գործողություններից և պետք է փաստել, որ, չնայած ցավալի կորուստներին, հայկական բանակը ապացուցեց, որ տարածաշրջանի լավագույն բանակը կոչվելուց զատ աշխարհում լավագույնների թվում է։

 

Բաքուն մի պահ հավատալով իր բանակին և գնված բազմամիլիարդանոց ժամանակակից զինտեխնիկային՝ մտածեց, որ կարող է վախեցնել մեզ և ստիպել զիջումների գնալ: Ադրբեջանը հուսով էր, որ կարող է գոնե մի 100 մետրով առաջ տանել իր դիրքերը, սակայն հայկական բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը հասկացրեց Բաքվի սուլթանին (գուցե մի տևական ժամանակով), որ պետք եղած ժամանակ ոչ թե իրենք, այլ մենք կարող ենք առաջանալ 100 և ավելի մետրով:

 

Պաշտոնական Բաքուն մոռացել է, որ 1991թ. օգոստոսի 30-ին ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» որոշում-հռչակագրում շեշտված էր, որ նորանկախ Ադրբեջանի Հանրապետությունն ընդգրկելու է 1918-1920թթ. Ադրբեջանական (մուսավաթական) Հանրապետության սահմանները: Հայտնի է, որ դեռևս 1990թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից ընդունված որոշման մեջ շատ որոշակի ասված էր, որ Միությունից դուրս եկող հանրապետության սահմանների մեջ գտնվող ազգային-վարչական միավորները լիակատար իրավունք ունեն տնօրինելու իրենց ճակատագիրը՝ ԽՍՀՄ-ից դուրս գալով կամ տնօրինելով սեփական բախտը: Փաստորեն՝ այդ որոշումը ԼՂԻՄ-ի հայությանն իրավունք էր տալիս օրինական ճանապարհով բաժանվելու նորանկախ Ադրբեջանից, կիրառելու անկախության իր իրավունքը' հաշվի առնելով այն փաստը, որ Ղարաբաղը մինչև 1921թ. Ստալինի ապօրինի որոշումը երբեք չէր եղել այդ պետության սահմանների մեջ:

 

Այսքանից հետո ուղղակի ծիծաղելի է լսել Բաքվի անդադար հայտարարություններն այն մասին,որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք լուծվի հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված պետության տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Ինչպես կարելի է հավակնություն ունենալ մի տարածքի նկատմամբ, որից նրանք վաղուց հրաժարվել են։ Այս փաստի մասին չպետք է մոռանանք նաև մենք և ամեն առիթի դեպքում հիշեցնենք պարոն Ալիևին, ժամանակին իրենց իսկ ընդունած որոշման մասին։

 

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-ամյակն է, այն ձեռք է բերվել մեր հայ զավակների մահվան գնով և մենք՝ որպես պատերազմի դաշտում հաղթած ժողովուրդ, պարտավոր ենք պահպանել այդ ծանր գնով ձեռք բերված անկախությունը ու նաև դիվանագիտական դաշտում ամրագրենք մեր հերոս հայորդիների փայլուն հաղթանակը:

 

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հրավիրվեց ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան' բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Նստաշրջանը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» փաստաթուղթը: Դրանով և նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով արցախահայությունը հաստատեց անկախ լինելու իր վճռականությունը։

 

 

Հենրիխ Մակարյան