Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցած 23 տարիների ընթացքում հասել է որոշակի տնտեսական և քաղաքական հաջողությունների և նրա գլխավոր նպատակներից պետք է լինի ոչ միայն պահպանել այդ նվաճումները, այլև հնարավորության սահմաններում զարգացնել դրանք։

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ «Այսօ ր կարող ենք փաստել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դե յուրե ճանաչված չլինելով, բոլոր առումներով շատ ավելի ժողովրդավար պետություն է, քան միջազգայնորեն ճանաչված իր հարևան Ադրբեջանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

 

«Եթե մենք ուշադրությամբ հետևենք 1990-1991թթ. իրադարձություններին, ապա կտեսնենք, որ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը իսկապես բարդացել էր, Ադրբեջանը, հավատարիմ բռնարարքների կիրառման իր քաղաքականությանը, խորհրդային զորքերի և ադրբեջանական հատուկ նշանակության զորաջոկատների՝ ՕՄՕՆ-ի հետ միասին, իրականացնում էր Լեռնային Ղարաբաղի հայկական ամբողջ տարածքներից հայ բնակչության բռնի գաղթեցման քաղաքականություն, որի վառ օրինակն էլ 1991թ. ապրիլի 30-ին իրականացված «Օղակ» օպերացիան էր, որի արդյունքում դատարկվ եցին Հյուսիսային Արցախի Գետաշենի և Մարտունաշենի տարածքները, ինչպես նաև Շահումյանի շրջանի գրեթե բոլոր հայկական բնակավայրերը։

 

1991թ. Ադրբեջանում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որն իրականացնում էր բռնությունները և սպանդը։ Նույն թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը գումարեց արտահերթ նիստ և ընդունեց իր անկախության հռչակագիրը։ Քանի որ, ԽՍՀՄ-ում 1990թ. ապրիլի 3-ից գոյություն ուներ օրենք ԽՍՀՄ ինքնավար մարզերի և հանրապետությունների դուրս գալու կարգի մասին, ապա կային իրավական բոլոր նախադրյալները անկախության հռչակման համար»,-ասաց պատմաբանը։

 

Խոսելով սահմանային վերջին իրադարձությունների մասին՝ բանախոսը նշեց, որ իրենք այդ օրերին մի շարք հասարակական և մշակութային գործիչների՝ Աշոտ Մելքոնյանի, Գագիկ Գինոսյանի հետ եղել են Մարտակերտում և այլ զորամասերում և իրեն շատ է ոգեշնչել մեր զինվորների մարտական ոգին և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը։ «Նրանք ինձ ասացին' Դուք կարող եք Ձեր գործերով զբաղվել, իսկ մենք արյամբ կպաշտպանենք հայրենիքը»,- ասաց բանախոսը։

 

Իր հերթին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանը նույնպես կարևորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման կարևորությունը, նշեց, որ դե ֆակտո ճանաչման հետ մեկտեղ պետք է հնարավորինս շուտ իրականացնել նաև դե յուրե ճանաչումը։ «Հայաստանի դիվանագիտական մարմինները անհրաժեշտ ջանք պետք է գործադրեն, որ Հայաստանը դե յուրե ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը կարող էր լինել և 1992թ., և 1994թ. մայիսին։

 

Ձեր՝ երիտասարդ սերնդի վրա է մնացել բավականին պատվավոր մի գործ՝ հասցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի դե յուրե»,-ասաց Ալավերդյանը։

 

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հրավիրվեց ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան' բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ:

 

Նստաշրջանը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» փաստաթուղթը: Դրանով և նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով արցախահայությունը հաստատեց անկախ լինելու իր վճռականությունը։