«Mediamall.am»  լրատվականը  ներկայացնում  է  անցնող  օրվա  առավել  ուշագրավ  տեղեկատվությունը.


Ազատ Արցախը 23 տարեկան է

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը' բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին' ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաեւ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան:

 

Ավելի ուշ, օգտագործելով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու եւ սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցադրման իրավունքը, որն ամրագրված է միութենական օրենսդրության մեջ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության անկախության մասին հանրաքվե անցկացնելու շուրջ:

 

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեին, որն անցել է տարբեր տեսակի զենքերից հայկական բնակավայրերի անդադար հրետակոծության ներքո, մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Այդ հանրաքվեին մասնակցել են նաեւ Գետաշենի ենթաշրջանի բնակիչները, դրանով իսկ իրավական տեսակետից ամրագրելով ենթաշրջանի' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ մտնելը:

 

Քվեարկությանը չմասնակցած մարդկանց մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներն էին: Քվեաթերթիկները տպագրվել էին երեք լեզուներով' հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն: Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքները, նրա ժողովրդավարական եւ թափանցիկ լինելը հաստատել էին արտասահմանյան անկախ դիտորդները:

 

1991թ. դեկտեմբերի 28-ին ձեւավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն /խորհրդարան/ ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

 

1992թ. օգոստոսին Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ ԼՂՀ-ում ստեղծվում է Պաշտպանության պետական կոմիտե /ՊՊԿ/, որին է փոխանցվում ողջ գործադիր եւ մասամբ օրենսդրական իշխանությունները: ՊՊԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, ում վրա են դրվում հանրապետության վարչապետի պարտականությունները:

 

1994թ. դեկտեմբերի 21-ին Գերագույն խորհդրդի որոշմամբ ԼՂՀ-ում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ, եւ առաջին նախագահ է ընտրվում ՊՊԿ-ի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Համաձայն «ԼՂՀ Նախագահի մասին» օրենքի, պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է կայանային 2 տարի անց' համընդհանուր, հավասար եւ ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա' հինգ տարի ժամկետով: Եվ 1996թ. նոյեմբերի 24-ին ԼՂՀ Նախագահի առաջին համաժողովրդական ընտրություններում պետության ղեկավար է վերընտրվում Ռոբերտ Քոչարյանը / քվեների 88.91%/ :

 

Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելու կապակցությամբ, 1997թ. սեպտեմբերի 1-ին ԼՂՀ-ում տեղի են ունենում Նախագահի արտահերթ ընտրություններ: Պետության Նախագահ է ընտրվում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը /քվեների 89.32%/: 2002թ. օգոստոսի 11-ին Արկադի Ղուկասյանը վերընտրվում է հանրապետության Նախագահի պաշտոնում /88.95%/:

 

2007թ. հուլիսի 19-ին Լեռանային Ղարաբաղում անց են կացվում հանրապետության ղեկավարի 4-րդ համաժողովրդական ընտրությունները: Ձայների ճնշող մեծամասնությամբ /85.1%/ Նախագահ է ընտրվում Բակո Սահակյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

2012 թվականի հուլիսին կայացած նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը վերընտրվել է:

 

***

 

ՀՀ վարչապետը ԼՂՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արա Հարությունյանին

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգարժան պարոն Հարությունյան,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ:

Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի վճռականությունը ու իշխանությունների կողմից իրականացվող հետևողական քայլերը մոտ ապագայում կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ առավել ևս, որ ժողովրդավարական համակարգի հաստատմամբ և միջազգային իրավունքի հարգմամբ այն վաղուց է նվաճել համաշխարհային մեծ ընտանիքի անդամ դառնալու իրավունքը:

Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, նորանոր հաջողություններ պետականության ամրապնդման գործում, իսկ արցախցիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

 

***

 

Մեր ձեռքբերումներն ու նվաճումներն անկախ Արցախի Հանրապետության վաստակած խաղաղությունն է, կայացած բանակը. Մանվել Գրիգորյան

 

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հռչակման 23-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ողջ արցախահայությանը ԼՂՀ անկախության հռչակման 23-ամյակի կապակցությամբ:

Հայ ժողովրդի արցախյան հատվածը երկար է պայքարել իր իրավունքների և անկախության համար: Արցախի հերոս մայրերը իրենց զավակների կյանքի, առողջության ու անձնազոհության գնով հասել են իրենց նպատակին: Նպատակ, որն եղել է Արցախի բոլոր սերունդների երազանքը:

Մեր ձեռքբերումներն ու նվաճումները անկախ Արցախի Հանրապետության վաստակած խաղաղությունն է, կայացած բանակը, անկախացած և իր ապագան ինքնուրույն կերտող ժողովրդավարական նոր հասարակությունը: Հասարակություն, որն այլևս իր երկիրը չի պատկերացնում այլ կերպ, քան անկախ և ինքնուրյուն:

23-ամյա ազատ Արցախն ունի Սահմանադրություն, իր հնարավորություններով համեստորեն քայլում է միջազգային հանրության շարքերում' կերտելով իր ժողովրդավարական պետականությունը:

Հատկապես վերջին ժամանակաշրջանի Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողությունները ցույց տվեցին, որ Արցախի ժողովուրդն ու բանակը միասնականորեն պատրաստ են դիմակայելու ցանկացած մարտահրավերների և պաշտպանելու անկախությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-ամյակի առթիվ' Հայաստանի Հանրապետության երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ և պատանի երկրապահ կամավորականների, զոհված ազատամարտիկների հարազատների, մտավորականների մասնակցությամբ ավանդական ուխտագնացությունն ազատագրված հայրենիք' խոնարհումի ու փառավորման առաքելություն է իրենց կյանքի ու առողջության գնով հողն ազատագրածների հանդեպ, այս հողի վրա այսօր ապրողների հանդեպ ու նրանց հանդեպ, ովքեր իրենց ուսումնական հաստատությունները ընդունվելու մեջ, դպրոցական առաջին զանգի մեջ տեսնում են իրենց հեռանկարներն ու երկրի ապագան:

Մենք' երկրապահներս, չափազանց կարևորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայունությունն ու մեր ժողովրդի բարօրությունը և մշտապես կանգնած ենք Արցախի կողքին:

Երկրապահի առաքելությունը միշտ էլ նույնացվում է Արցախի անկախության հետ: Այս առաքելությամբ են գործել, գործում են և կգործեն երկրապահի բոլոր սերունդները:

Ես հավատում եմ Արցախի ժողովրդի անկոտրում կամքին, Արցախի սահմանները պաշտպանող զինվորներին, Արցախի հերոս մայրերին և Արցախի նախագահին' որպես մարտական ընկերոջ ու ժողովրդի կողմից ընտրված առաջնորդի:

Ցանկանում եմ Ձեզ ու ողջ արցախահայությանը խաղաղություն և հաջողություն, սեփական ապագայի կերտման ու միջազգային ճանաչման գործում»:

 

***

 

Ողբերգական ավտովթար' Մեղրի-Երևան ճանապարհին. կա 3 զոհ

 

ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 1-ին' ժամը 23.35-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան 158-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան 11-րդ կմ-ում (Հարժիս գյուղի հատված) «Միցուբիշի Իո» մա կնիշի 19 ՍՕ 524 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 3 մ), ինչի հետևանքով 1980թ. ծնված Մ. Հ.-ը և 1995թ. ծնված Ն. Ն.-ը տեղում մահացել են, 2014թ. ծնված Լ. Հ.-ը մահացել է հոսպիտալացման ճանապարհին, իսկ 1988թ. ծնված Ա. Ք.-ը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

***

 

ՆԱՏՕ-ն կարծում է, որ Կիևը պարտվել է պատերազմում. ԶԼՄ-ներ

 

Հյուսիսատլանտյան դաշինքը հոռետեսորեն է վերաբերում Դոնեցկի և Լուգանսկի ինքնավար հանրապետությունների աշխարհազորայինների դեմ պայքարում Կիևի հեռանկարներին: ՆԱՏՕ-ում, ըստ էության, խոստովանել են, որ Կիևը պարտվել է ռազմական կոնֆլիկտում: Այս մասին գրում է Der Spiegel-ը:

Այն բանից հետո, ինչ աշխարհազորայիններն իրենց վերահսկողության տակ վերցրին Լուգանսկի օդանավակայանը, նրանց առավելությունը ակնառու դարձավ, նշել է պարբերականը:

Ռազմական դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ դաշինքում կտրուկ փոխել են իրենց վերաբերմունքը Ուկրաինայի ռազմական դրությանը:

Եթե նախկինում ՆԱՏՕ-ում կարծում էին, որ աշխարհազորայինները կնահանջեն կառավարական զորքերի ճնշմամբ, ապա այժմ, դաշինքի ներկայացուցիչների և Պորոշենկոյի հանդիպումից հետո, Կիևին պարտվող են համարում:

 

***

 

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

 

***

 

Ուշադրություն, որոնվում է

 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1995 թ. ծնված Համո Մարգարյանը, որը օգոստոսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Անդրանիկի 148 շենքի 45 բնակարանից և մինչ օրս չի վերադարձել:

Ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ' խնդրում ենք զանգահարել ոստիկանության Մալաթիայի բաժին հետևյալ հեռախոսահամարներով' 010-39-02-02, 010-39-97-74, 093-73-00-43 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

 

***

 

ԿԽՄԿ-ն դիմել է Բաքվին՝ հայ գերուն տեսակցելու համար

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները դիմել են Ադրբեջանի իշխանություններին գերի ընկած հայ քաղաքացուն' Սարգիս Անանյանին, տեսակցելու համար: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը սեպտեմբերի 1-ին հայտնել է իրենց կողմում հայտնված հայ գերու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

 

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի' Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սարգիս Անանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:

 

 

***

 

 

Կարեն Պետրոսյանի մարմնի հայրենադարձման պահանջը դեռևս անպատասխան է

 

Տավուշի սահմանապահ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմինը հայրենադարձնելու հայկական կողմի պահաջին Ադրբեջանից դեռևս չեն արձագանքնել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում Գերիների և անհայտ կորածների «հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, առայժմ որևէ դրական տեղաշարժ չկա: «Մեր, այսպես կոչված, հարևանները երեք տարի անընդմեջ մեզ հետ ուղղակի կապից խուսափում են, ուղղակիորեն չեն համագործակցում ու դա անում են ցուցադրաբար: Ես կարող եմ միայն ասել, որ մենք միջազգային համապատասխան ատյանների միջոցով մեր հայցը նրանց հասցրել ենք:

Ես ստույգ գիտեմ, որ մեր պահանջը' Կարեն Պետրոսյանի դին առանց նախապայմանների հայրենադարձնելու վերաբերյալ, հասել է Բաքու, գտնվում է համապատասխան կառույցներում, բայց իրենց կողմից որևէ պաշտոնական պատասխան չենք ստացել»,- նշեց Կապրիելյանը:

Նրա խոսքով' ադրբեջանական կողմը դա անում է տարբեր նկատառումներով: «Տարբեր վարկածներ կան, որոնք նորմալ մարդկային մտածելակերպի մեջ դժվար է տեղավորել: Չմոռանանք' ում հետ գործ ունենք, սա ոչ առաջին և ոչ էլ, ցավոք սրտի, վերջին դեպքն է, միշտ էլ նման անմարդակային վերաբերմունք են ցուցաբերում, նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը գնում է ոչ թե ողջ, այլ սպանված մարդու դիակը հայրենիք վերադարձնելու մասին»,- ընդգծեց պաշտոնյան:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ դեռևս նորություն չունեն հաղորդելու նշյալ հարցի առնչությամբ:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, ՀՀ մարդու իրավուքնների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին այս իրավիճակը նույնիսկ հիշեցնում է 90-ականների սկիզբը, երբ պատերազմական իրավիճակում ադրբեջանցիները մարմինները չէին վերադարձնում: «Անգամ իմ այն հույսը, որ միջազգային ազդեցիկ պետությունները, երբ դրա մասին խոսեն, ապա հնարավոր է, իրեն նախագահ համարող Իլհամ Ալիևը վերջապես արձագանքի, չի արդարանում. նա բոլորովին չի փոխում իր վերաբերմունքը, արհամարհանքը ոչ միայն միջազգային նո րմերի, այլև միջազգային հանրության հանդեպ»,- նշեց նա:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ' Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձի ուշացումը կապված է ոչ միայն նրա հետ, թե ինչ պայմաններում է նա մահացել ու դրանով փորձում են հետքերը վերացնել, այլև ուզում են ճնշում գործադրել ՀՀ և Արցախի իշխանությունների վրա: «Դա պատճառներից մեկն է, բայց ոչ միայն դա, նրանք ուզում են ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի իշխանությունների վրա, որ մենք դիվերդանտի դին փոխանակենք Կարեն Պետորսյանի մարմնի հետ: Բացի այդ, նրանք շատ անհաջող կերպով պահանջում են, որ մյուս երկու մարդասպան-դիվերսանտների դատավարությունը լինի Ադրբեջա նում: Այդ պատճառով էլ ձգձգում են հետ վերադարձման գործընթացը»,-հայտնեց Լարիսա Ալավերդյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Կարեն Պետրոսյանի գործով ևս հնարավոր է միջազգային ատյաններում բողոք ներկայացվի: «Հիմա մենք սպասում ենք, որ մարմինը վերադարձնեն, հետո դատաբժշկական քննություն անցկացվի, այն ճանապարհով, որն ընդհարապես ընդունված է: Բայց եթե ևս մեկ ամիս անցնի այս դեպքից, և մենք որևէ լուր չունենանք, մենք այլ ճանապարհ կընտրենք ու կտեսնեք, թե որ տարբերակով կարելի է բողոքել նրանց գործողությունների դեմ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Օգոստոսի 7-ին անհայտ հանգամանքներում հատելով սահմանը Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան մահացավ ադրբեջանական գերության մեջ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության' նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Փորձագետները համոզված են, որ նրան սպանել են' դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկելով, ինչպես նախկինում այլ գերիների պարագայում: Ադրբեջանական կողմն ուշացնում է անհայտ պայ մաններում մահացած Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձը' փորձելով խոչընդոտներ ստեղծել դիակի դատաբժշկական քննության համար:

 

***

 

Ալիևը սահմանափակում է Եվրոպայի հետ համագործակցությունը

 

Ադրբեջանի իշխանության կողմից երկրում ուժեղացումը կապված է Եվրոպայից երես թեքելու նպատակ ունենալու հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը' հղում կատարելով ներիշխանական աղբյուրի:

Ըստ թերթի' Ադրբեջանի իշխանությունը հասկանում է, որ մոտ օրերին Բաքու կատարելիք այցին Եվրամիության ընդլյանման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կտրուկ է դնելու Ադրբեջանի եվրաինտեգրման հարցը, եւ, ինչպես երեւում է, իշխանությունն այս կերպ է նրան պատասխան տալիս:

«Իշխանությունը ցանկանում է հասնել նրան, որպեսզի Եվրոպայի հետ իր համագործակցությունը սահմանափակի էներգետիկայի բնագավառով, քանի որ եվրաինտեգրումը պայմանանավորելու է քաղաքական բարեփոխումների օրակարգ, իսկ իշխանությունը մտադիր չէ հրաժարվել ավտորիտար վարչաձեւից: Այդ պատճառով էլ Բաքուն այս մասին ազդանշանում է բռնաճնշումների ուժեղացումով: Միեւնույն ժամանակ պարզ է, որ Ֆյուլեի այցի ընթացքում լուրջ քննարկման թեմա են լինելու նաեւ Ադրբեջանում իրավապաշտպանների եւ լրագրողների վերջին ձերբակալությունները: Իշխանությունն էլ, ըստ ավանդույթÕ «, մտածում է այդ հարցում գնալ սակարկությունների», -հայտնել է աղբյուրը:

Թերթը նշում է, որ ԵՄ-ն խստորեն է արձագանքել Լեյլա Յունուսի եւ մյուս իրավապաշտպանների ձերբակալությանը, ինչը լարվածություն է առաջացրել Ադրբեջանի հետ ԵՄ միջեւ հարաբերություններում:

 

***

 

Սեյրան Օհանյանն այցելել է Բերդում ականի պայթյունից վիրավորված զինծառայողներին

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 1-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ ստացած փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին, կապիտան Վահագն Սարգսյանին, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանին տեսակցելն է եղել:

Նախարարը զրուցել է վիրավոր զինծառայողների և բժիշկների հետ, հետաքրքրվել բուժման հետագա ընթացքով և առողջություն մաղթել հայրենիքի պաշտպաններին:

Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ' 3 սպա եւ 1 պայմանագրային զինծառայող: Տուժածները տեղափոխվել էին ՀՀ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

 

***

 

Կասեցվել է Ա/Ձ Հովսեփ Ղալումյանի հացի արտադրամասի «Մատնաքաշ»-ի արտադրությունը

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. սեպտեմբերի 01-ի որոշումով կասեցվել է Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը:

 

Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանի» հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր ҃որձաքննության արդյունքների՝ Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանի» հացի արտադրամասի կողմից արտադրված «Մատնաքաշ» տեսակի հացի նմուշը «վարակվածության կարտոֆիլային հիվանդության» ցուցանիշով չի համապատասխանել ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N06-Ն հրամանի պահանջներին, իսկ հացաթխման ընթացքում օգտագործվող «Ջրի» նմուշները մանրէների ընդհանուր քանակություն 37⁰C, 22⁰C, ընդհանուր կոլիֆորմներ, ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ և E-coli ցուցանիշներով չեն համապատասխանել ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր:

 

Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանի պահանջներին, որով պայմանավորված՝ նշված արտադրատեսակը ճանաչվել է վտանգավոր:

Կազմակերպության ղեկավարին տրվել է հանձնարարական՝

Վերացնել հայտնաբերված խախտումները, այն է՝ կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Մատնաքաշ» հացի արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը, և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N06-Ն և ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանների պահանջներին:

Թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով:

«Մատնաքաշ» հացի արտադրատեսակների խմբաքանակները օգտահանել կամ ոչնչացնել:

Խախտումների վերացման կատարման ժամկետ սահմանել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 11-ը:

 

***

 

Լեւոն Հայրապետյանը քաղաքացիական հիվանդանոցից կարող է կրկին տեղափոխվել կալանավայր

 

Մոսկվայի քաղաքացիական հիվանդանոց այցելած բժշկական հանձնաժողովը զննել է ազգությամբ հայ բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանին եւ որոշում կայացրել, որ Հայրապետյանը կարող է տեղափոխվել կալանավայր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանն ասաց, որ ավելի քան 2 ժամ է' Հայրապետյանի փաստաբանը հարցի առնչությամբ մասնակցում է քննարկման եւ առայժմ պարզ չէ, թե ինչ որոշում է կայացվելու:

«Իրականում սայլը տեղից շարժվում է, քանի որ Հայրապետյանի գործի մասին բոլորն են խոսում ու հիմնականում ասում, որ նա անմեղ է եւ ոչ մի կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ: Ինչ վերաբերում է Հայրապետյանի առողջական վիճակին, նրա առողջականը չի կարող լավ լինել, քանի որ մինչ Մոսկվա մեկնելն արդեն հիվանդ էր: Այժմ սպասում եմ փաստաբանի զանգին' հասկանալու համար, թե ինչ որոշում է կայացվել»,- ասաց Մացակ Փոլադյանը:

Հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:

Գործարարը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է կալանքի որոշումը: Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ, հու լիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին:

Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Սեպտեմբերի 1-ի գիշերը նրան տարել են քաղաքացիական հիվանդանոց ստուգման:

 

***

 

Սեյրան Օհանյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 1-ին ՀՀ ընդունել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրադրությանը և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցներին առնչվող հարցեր:

 

***

 

Սիրիական բանակը Հոմսի մերձակայքում ԻԼԻՊ-ի տասնյակ անդամների է ոչնչացրել

 

Սիրիական բանակը Հոմսի մերձակայքում գտնվող Թել Աղար շրջանում ոչնչացրել է ԻԼԻՊ խմբավորման շարասյունը: Արդյունքում ոչնչացվել և վիրավորվել են տասնյակ զինյալներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Դամասկոսի և Հոմսի միջև գտնվող Կալամուն շրջանում սիրիական օդուժը հարված է հասցրել Լիբանանից սիրիական տարածք ներթափանցած ապստամբներին:

Սիրիական օդուժը ռմբակոծել է նաև Դեր Զորի, մասնավորապես Աբու Օմար, Ալ Մրեյե և Մուհասանի շրջաններում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ: Սիրիայի ռազմական ուժերը մոտեցել են իսլամիստների կողմից գրաված աթ Թիմ նավթաբազային:

Զինյալները լուրջ վնասներ են կրել նաև Իդլիբի շրջանում: Նրանք փորձել են հարձակվել Մաարաթ Նուման և Ուադի Դեյֆ Համդիե գյուղերում գտնվող ռազմական հենակետերի վրա, արդյունքում ոչնչացվել են զինյալների 3 տանկ և մի քանի մեքենա:

Սեպտեմբերին 2-ի առավոտյան զինյալները հրասանդներ են արձակել Իդլիբ քաղաքի մի քանի թաղամասերի ուղղությամբ, որոնց հետևանքով 2 քաղաքացի վիրավորվել են: 13 հրասանդ է արձակվել քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ: Բացի այդ, նյութական վնասներ են կրել բնակիչների տները և ունեցվածքը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: