Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել այսուհետ չօգտագործել երկրի ողջ հանրապետական պատմության ընթացքում նախագահական նստավայրը հանդիսացող Չանքայայի պալատը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Էրդողանն այսպիսով հրաժարվում է իբրև նախագահական նստավայր օգտագործել ժամանակին հայկական Քասաբյանների ընտանիքին պատկանած և Հայոց ցեղասպանության արդյունքում նրանցից խլված շինությունից:

 

Խախտելով Թուրքիայի Հանրապետության արդեն 91-ամյա ավանդույթը' Էրդողանը որոշում է կայացրել տեղափոխվել և նախագահական նստավայր դարձնել «Աթաթուրքի անտառային հողատարածք» անվանում կրող տարածքում կառուցվող նոր շինությունը: Փոխարենը, Թուրքիայի 11 նախագահների համար որպես նստավայր ծառայած Չանքայայի պալատը կօգտագործի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նրա աշխատակազմը:

 

Թուրքիայում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների շեմին թուրքական bianet.org անկախ լրատվական կայքը ընթերցողներին է ներկայացրել Թուրքիայի Հանրապետության նախագահական Չանքայա պալատի շենքի իրական պատմությունը, ըստ որի' այն պատկանել է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված Քասաբյանների ընտանիքին: Թեև պաշտոնական վարկածով նշվում է, որ Քասաբյանների ընտանիքը Չանքայա պալատը իրերի հետ միասին «վաճառել» է Բուլղուրլուզադեներին, սակայն հայ ընտանիքի երրորդ սերունդ Էդվարդ Չուհաջին, ով ներկայումս բնակվում է Կանադայի Օտտավա քաղաքում, անձամբ պատմել է իրականությունը, որը թուրքական պետությունը 99 տարի թաքցրել է սեփական ժողովրդից:

 

Պալատն իրականում պատկանում է Անկարայի հայ բնակիչներից' Քասաբյանների ընտանիքում 1857 թվականին ծնված Հովհաննես Քասաբյանին: Մինչ 1915 թվականը Քասաբյանների ընտանիքը «Անգորա» տեսակի այծի թանկարժեք բուրդ էր արտահանում Անգլիա և համարվում էր Անկարայի ամենահարուստ ընտանիքը: 1915 թվականի օգոստոսին Անկարայից 1200 հայեր դուրս են բերվում ավանից և սպանվում: Անկարայի 1500 հայեր արքեպիսկոպոսի հետ միասին օգոստոսի 29-ին արտաքսվում են Հալեպ, սակայն, Սիրիայի հյուսիսարևմտյան Մեսքենե վայր հասնում է նրանցից ընդամենը 34-ը: Այդ գաղթի ժամանակ Քասաբյանների ընտանիքի փեսաներից մեկին հաջողվում է Քոնյայի ճանապարհին քարավանից նրանց փախցնել Ստամբուլ, այնտեղից էլ' արտասահման…

 

Քասաբյանների ընտանիքը ոչ Չանքայա պալատը, ոչ էլ այնտեղ գտնվող իրերը ոչ մեկին չի վաճառել: Իրերը գողացվել են: Նրանց է պատկանել ոչ միայն Չանքայան, այլ նաև Չեքիօրենում գտնվող ամառանոցը, որը զավթել է Անկարայի Ուլուս թաղամասում խորհրդարանի շենքը կառուցած Քոչ ընտանիքը:

 

Ներկայումս Չանքայան կառավարում է նախագահականը, բայց այն պատկանում է Թուրքիայի խորհրդարանին: Պալատի իրական տերերը Քասաբյանների ժառանգորդներ Էդվարդ Չուվաջին և Վերգին Քասապօղլուն են: