Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում իրականացվելիք ամենամյա պատարագի պատրաստությունները մոտեցել են ավարտին: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գևաշի քաղաքապետ Սինան Հաքանը ցանկություն է հայտնել, որպեսզի եկեղեցում թույլատրվի տարին մեկ անգամ պսակադրություն իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:

 

Հաքանի խոսքով' թույլտվություն լինելու պարագայում ամեն տարի մեծ թվով քրիստոնյաներ, մասնավորապես, հայեր, կգան և իրենց ամուսնությունը կկնքեն հենց Սուրբ Խաչ եկեղեցում:

 

Սեպտեմբերի 7-ին Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կիրականացվի 5-րդ պատարագը' 2007 թվականին եկեղեցու վերանորոգումից ի վեր: Ամենամյա պատարագն այս տարի մեկ շաբաթ ավելի վաղ կանցկացվի: Արարողությանը ներկա կգտնվեն Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ինչպես նաև ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հույն Ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը և այլոք:

 

Վանի Սուրբ Խաչ եկեղեցին միակն է պատմական Հայաստանի տարածքում, որտեղ վերանորոգումից հետո գմբեթին խաչ է բարձրացվել: Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության ընդունած որոշման համաձայն' թույլատրվել է եկեղեցում տարին մեկ անգամ իրականացնել կրոնական ծիսակատարություն: