Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ուսումնասիրել երկրում ամուսնալուծությունների թվի ավելացման խնդիրը: Կառավարությունը լրացուցիչ գումար հատկացրեց ՀՀ արդարադատության նախարարությանը՝ լրացուցիչ ամուսնալուծությունների վկայականներ ձեռք բերելու համար, քանի որ դրանց թիվը նախատեսվածից ավելի է:

 

Հովիկ Աբրահամյանը դիմելով ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին՝ նկատեց, որ ամուսնալուծությունները շատացել են: «Ամեն ինչ պետք է անենք, որ նվազեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը և դիմելով Արտեմ Ասատրյանին՝ հանձնարարեց ուսումնասիրել և պարզել իրավիճակը:

 

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում արձանագրվել է 2 հազար 468 ամուսնալուծություն, ինչը անցյալ տարվա նույն ցուցանիշի գերազանցում է 646-ով կամ՝ 35 տոկոսով:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ տարեսկզբին սահմանվել է ձեռք բերել 3000 ամուսնալուծության վկայականներ, սակայն վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները' անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնալուծության վկայականների քանակը: