Սեպտեմբերի 3-ին կայացավ Լատվիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: Հարցազրույցը ներկայացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


-Ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը:

 

-Ես շատ հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ մեր թիմի խաղից: Ֆուտբոլը հասարակ խաղ է, և եթե դու գոլ չես խփում, պարտվում ես: Մեր ֆուտբոլիստները վեց անգամ մնացին դարպասապահի դեմ մեն-մենակ և գոլ չխփեցին: Հետևանքը պարտությունն է:

 

Լատվիան պայքարեց մինչև վերջ և հաղթեց: Շնորհավորում եմ Լատվիայի թիմին: Մենք ունեինք խնդիրներ հարձակման գծում՝ կապված Մովսիսյանի և Օզբիլիսի բացակայության հետ, բայց կարծում եմ, որ մենք լավ խաղացինք: Ունեինք խաղային և տարածքային առավելություն, ունեինք գոլ խփելու մի շարք հնարավորություններ: Այսօր մեր օրը չէր, և ես պետք է ընդունեմ պարտությունը: Նույնիսկ այսպիսի խաղից հետո մենք պետք է պահպանենք վստհությունը, լինենք դրական տրամադրված, քանի որ խաղի տեսանկյունից մենք ավելի լավ խաղացինք, բայց չկարողացանք գոլ խփել և հաղթել:


- Դուք խաղացիք երեք պաշտպանով: Թիմային այս դասավորությունն արդարացրե՞ց Ձեր սպասելիքները:

-Այո, ես բավարարված եմ այս դասավորությամբ: Այն կիրառելի է մեզ համար: Շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները հեշտ կիրառեն տարբեր տեսակի դասավորություններ: Եթե մենք նախկինում խաղացել ենք 4-2-3-1 դասավորությամբ, այժմ ես ցանկացա փորձել այլ դասավորություն: Հավանաբար տեղյակ եք, որ մենք ապրում ենք «Ալբերտ Էյնշտեյն» հյուրանցում, և նա ասել է՝ «Գիտելիքի միակ աղբյուրը՝ փորձն է»: Սա նույնպես փորձ էր մեզ համար: Հիմնվելով այս փորձի վրա՝ կարող ենք որոշել՝ ինչպես խաղանք Դանիայի դեմ: Ես դեռ չեմ որոշել ինչպես, բայց արդեն պատրաստ եմ խաղալ երկու ձևով: Այսօրվա պարտությունը՝ դասավորության պատճառով չէր:


Ինչպե՞ս կգնահատեք պաշտպանության խաղը:

 

-Մենք ունեինք խնդիրներ միայն ստանդարտ իրավիճակների ժամանակ, քանի որ Լատվիայի հավաքականը լավ էր խաղում վերևում, թիմում խաղում են բարձրահասակ ֆուտբոլիստներ: Որպես կառուցողական խաղի օղակ՝ սկզբում շատ էին գնդակի կորուստները: Բայց կրկնեմ ևս մեկ անգամ, այսօրվա արդյունքը պաշտպանության բացթողումը չէ: Եթե դու ունես վեց հնարավորություն, հավանական 11-մետրանոց, գնդակը հարվածից հետո դիպչում է դարպասաձողին… և գոլ ես բաց թողնում, դա պաշտպանության բացթողումը չէ: Չեմ կարող ասել, որ այսօր շատ խնդիրներ ունեինք նույնիսկ Արզումանյայի բացակայության պարագայում:


-Ինչպե՞ս եք տեսնում հարձակվողի դիրքի հարցի լուծումը:

 

-Մենք չունենք երկրորդ Մովսիսյան: Մենք ունենք այլ հարձակվողներ: Այժմ ժամանակն է որ մյուսները ցույց տան իրենց: Ես աշխատում եմ պահպանել վստահությունը տղաղների մեջ, քանի որ եթե ես հիմա բողոքեմ, որ ինչ որ մեկը բացակա է, դա ոչինչի չի բերի:


-Այդ դեպքում նպատակահարմար չէ՞ր լինի, որ խաղար Մաուրո Գևգեոզյանը:

 

-Մաուրոն չի գալու հիմա: Նա զբաղված է Հարավային Ամերկայում, երկար ճանապարհ պետք է անցներ: Իհարկե խնդիր է: Եթե հնարավոր լինի, որ Մաուրոն խաղա, նա կխաղա: