ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է միջազգային փորձը Հայաստանում դատապարտյալների համար ժամանակակից կապի միջոցներից օգտվելն օրինականացնելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: «Մենք ուսումնասիրում ենք համաշխարհային լավագույն փորձը՝ հասկանալու համար, թե որն է թույլատրելի սահմանը, որ մենք կարող ենք դատապարտյալին լեգալ հնարավորություն տալ շփվել արտաքին աշխարհի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը:

 

Նախարարն ընդգծեց, որ երբ իրենց համար պարզ կլինի այդ սահմանը, երբ պարզ կլինի, թե ինչքանով կարող է դատապարտյալը հասանելի լինել մարդկանց համար հեռախոսային կապի կամ ինտերնետի միջոցով, նախարարությունն արդեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ կներկայացնի:

 

Մանուկյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ այս հարցում հնարավոր կլինի ինչ-որ արդյունքի հասնել: