ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում մի քանի ժամ հետո կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը' նշելով, որ հանդիպումը տեղի կունենա Ուելսի ժամանակով 17:30-ին (Երեւանի ժամանակով' ժամը 20:30-ին): Հանդիպման վայրի մասին դեռեւս չի հաղորդվում:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ավելի վաղ հանդես էր եկել երկու նախագահների' ԱՄՆ պետքարտուղար Քերիի միջնորդությամբ հանդիպում ունենալու նախաձեռնությամբ:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նյուպորտում ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Նախատեսվում է, որ Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով: