Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ «Երևան-էքսպո» ցուցասրահում բացվել է «Արմենիա էքսպո 2014» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը ես դիտում եմ որպես գործնական կապերի հաստատման և Հայաստանը միջազգային տնտեսական շուկաներում ներկայացնելու լավագույն հարթակ: Հատկապես կարևորում եմ դրանց նպաստը մրցակցային դաշտի ձևավորման գործընթացում:

 


«Արմենիա Էքսպո» ցուցահանդեսն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել միջազգային ցուցահանդեսների շարքում՝ շահագրգիռ կողմերի միջև ապահովելով համագործակցության բարձր արդյունավետություն»:

 

Վարչապետն առանձնակի կարևորել է ցուցահանդեսի անցկացմանը զուգընթաց քննարկումների կազմակերպումը, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում հայրենական և արտերկրից ժամանած մասնակիցների համար համագործակցության նոր եզրեր գտնելու և հեռանկարներ նախանշելու առումով:

 

Վարչապետը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ և փոխշահավետ գործնական համագործակցության:

 

«Մեր ապագա հաջողություններն ուղղակիորեն կապված են տնտեսության ակտիվացման հետ և համոզված եմ, որ նման նախաձեռնությունները տալիս են իրենց արդյունքները: Նման ցուցահանդեսները նպաստում են նաև գործարար կապերի հաստատմանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

Այնուհետև վարչապետը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:

 

Ցուցահանդեսին մասնակցում են հայրենական և արտասահմանյան 70-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Լեհաստանը և այլն: