Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է հետաքննություն իրականացնել' պարզելու, թե ինչ հանգամանքներում է իր քաղաքացին հայտվել հայկական կողմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը: «Ներկա պահին տարվում է համապատասխան հետաքննություն»,- հայտնել են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից' հաստատելով տեղեկությունն այն մասին, որ իր քաղաքացին հայտնվել է հայկական կողմում: Տեղեկությունը հաստատել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ծառայությունը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ գերի ընկածը Տերտերի շրջանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի որդին է:

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ սեպտեմբերի 5-ին' ժամը 18.10-ի սահմաններում, ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին: