ԱՄՆ Իլինոյս նահանգից ընտրված սենատոր Մարկ Քըրքը հարցում է արել Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ջոն Բասին' ակնկալելով ստանալ նրա հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Քըրքը հիշեցրել է, որ 2014 թվակ անի հուլիսի 15-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ Բասն ասել էր, որ «ԱՄՆ կառավարությունը որպես պատմական փաստ է ճանաչում և ոգեկոչում է 1.5 միլիոն հայերին, ովքեր սպանվեցին կամ մահվան աքսորը բռնեցին Օսմանյան կայսրության վերջին օրերի ընթացքում»:

 

 

ԱՄՆ սենատորը հարցում է արել, թե արդյոք Բասը կարող է հստակեցնել, որ խումբը կամ խմբերն են պատասխանատու 1.5 միլիոն հայերի սպանության համար, և արդյոք Թուրքիայում ապագա ԱՄՆ դեսպանը կհամաձայնի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ 11 պետությունների հետ, որոնք պաշտոնապես այդ սպանությունները որակել են որպես Հայոց ցեղասպանություն:

 

 

«Որպես դեսպան' Դուք կպաշտպանե՞ք Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների ժառանգների իրավունքները, որպեսզի նրանք ստանան փոխհատուցում Թուրքիայի Հանրապետությունից»,- նման հարցադրում է կատարել Մարկ Քըրքը:

 

Հիշեցնելով Բասի խոսքերն առ այն, որ դեսպանի կարգավիճակում թուրքական կառավարությանը կոչ կանի հետ վերադարձնել քրիստոնյա փոքրամասնություններից խլված կրոնական հաստատությունները, ինչպես նաև կպաշտպանի կրոնական ազատության իրավունքը Թուրքիայում, Քըրքը խնդրել է հստակեցնել, թե ինչ հստակ քայլեր է նա պատրաստվում կատարել և արդյոք պատրաս տ է բարձրացնել վերոնշյալ խնդիրը թուրքական կառավարության առաջ:
Միացյալ Նահանգների Սենատը արձակուրդի մեկնեց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Բասի թեկնածությունը չհաստատած:

 

 

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Սենատի որոշումը: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դեմ էր արտահայտվել Ջոն Բասի թեկնածությանը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում' նշելով. «Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի կարող սատարել Ջոն Բասի թեկնածությունը' հիմնվելով Սենատում նրա ունեցած ելույթների վրա, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նախագահ Օբամայի խախտած խոստման մի մասն են և ավելի են ամրապնդում Թուրքիայի «բերան փակող» գերակայությունն ԱՄՆ կառավարության վրա»:

 

 

Հուլիսի 29-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Հայ դատի հանձնախումբը մի շարք սենատորների միջոցով հարցեր էր ուղղել Ջոն Բասին' ամերիկահայերին հուզող մի շարք խնդիրների շուրջ:

 

Իր ելույթում դիվանագետը խուսափել էր օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածները ցեղասպանություն բնութագրել և փոխարենը, կիրառելով «ընդհանուր պատմություն» որակավորումը, գովաբանել թուրք վարչապետ Էրդողանի ապրիլիքսաներեքյան «ցավակցական» ուղերձը հայ ժողովրդին: