Հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերի կապակցությամբ ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է հետևյալը.

«Նախ, այսպես կոչված 15 կետերի վերաբերյալ: Այդ առթիվ մենք երկու անգամ պաշտոնական պատասխան ենք տվել պարոն Հովհաննիսյանին, բազմաթիվ անգամ էլ առանձին ոլորտային պատասխանատուներ հրապարակավ խոսել են առաջ քաշված կետերի անհիմն լինելու կամ դրանցում առկա աղավաղված ու սուբյեկտիվ մեկնաբանությունների մասին: Մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում և բացառեն առանձին երևույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական և իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում: Ինձ զարմացնում է այն փաստը, որ ժամանակը առաջ է գնում, ընտրական գործընթացներում մենք անընդհատ զարգացմանը միտված փոփոխություններ ենք կատարում և դրական արդյունքներ ենք արձանագրում, իսկ պարոն Հովհաննիսյանը շարունակում է թափահարել նույն հին փաստաթուղթը, որը հետևողականորեն չի վերանայվում անգամ ընթացող գործընթացների ֆոնի ներքո:

Բանավեճի հրավերի մասին: Հունվարի 21-ից մենք սկսում ենք մեր քարոզարշավը: Նախագահի մեր թեկնածուն և նրան սատարողները լինելու են բոլոր մարզերում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են հասցնելու «Դեպի ապահով Հայաստան» ծրագրի հիմնական գաղափարախոսությունը: Շատ հագեցած օրակարգ է նախատեսված բոլորիս համար: Դեռևս չենք քննարկել մեր թեկնածուի և նրան սատարողների կողմից մամլո ասուլիսների, տարբեր ձևաչափերի քննարկումների և բանավեճերի մասնակցելու հարցերը: Ըստ անհրաժեշտության որոշումներ կկայացվեն արդեն ընտրարշավի ընթացքում՝ կախված ընտրողին մեր մոտեցումները և այլոց թեզերի համեմատ դրանց տարբերությունները հասցնելու անհրաժեշտությունից:

Կազմակերպչական հանդիպումների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա թիմին ոստիկանների ու ազգային անվտանգության ներկայացուցիչների ուղեկցության մասին հայտարարության վերաբերյալ: Այստեղ, կներեք, բայց ստիպված եմ արձանագրել, որ հարգարժան քաղաքական գործիչը կարծես դետեկտիվ ֆիլմերի տրամադրության տակ է մնացել. արտահայտած միտքը կատարյալ նոնսենս է և արժանի չէ մեկնաբանման»: