Եվրոպայի խորհրդում նախագահությունն ընտրվում է երկրների այբբենական հերթականությամբ և հենց այդ պատճառով է Ադրբեջանը ստանձնել Եվրոպայի խորհրդի նախագահությունը: «Ցանկանում եմ շեշտել, որ Ադրբեջանը չի ընտրվել, զուտ այբբենական հերթականության պատճառով է դարձել ԵԽ-ն նախագահող երկիր: Սա կարևոր փաստ է: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին և խոսքի ազատության սահմանափակումներին, անշուշտ մենք մտահոգված ենք այն վիճակով, որ առկա է Ադրբեջանում: Ավստրիան ԵՄ անդամ պետություն է և շատ է կարևորում մարդու իրավունքներ»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ սեպտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

 

Ավստրիացի դիվանագետն ասաց, որ մի քանի օրից այցելելու է Ադրբեջան և տեղում քննարկելու մարդու իրավունքների վիճակը: «Մեզ հատկապես անհանգստացնում է Բաքվում քաղաքական բանտարկյալների իրավիճակը և մենք կօգտագործենք մեր հնարավորությունները արտահայտելու քննադատական դիրքորոշում այդ իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Կուրցը:

 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում է Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

 

Այսօր Ավստրիայի Հանրապետության արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի շրջանակներում Ավստրիայի արտգործնախարարը ներկա կգտնվի նաև Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման արարողությանը: