Եվրամիությունը չի հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումից. պատժամիջոցների նոր փաթեթին հավանություն կտրվի սեպտեմբերի 8-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը:

 

«Հաստատման գործընթացը շարունակվում է: Մենք սպասում ենք, որ պատժամիջոցներին հավանություն կտրվի եւ դրանք կհրապարակվեն ոչ ուշ, քան վաղը»,-ասել է նա:

 

ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի խորհրդի կողմից նոր պատժիչ փաթեթը պաշտոնապես հաստատելը նախատեսված է գրավոր ընթացակարգի ճանապարհով: Այն դեպքում, եթե դա տեղի ունենա սեպտեմբերի 8-ին, համապատասխան որոշումը կարող է Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակվել արդեն սեպտեմբերի 9-ին: Այդ պահից պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Ավելի վաղ ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարկադրված կլինի ասիմետրիկ պատասխան տալ Արեւմուտքի երկրների կողմից հերթական պատժամիջոցներին, մասնավորապես, սահմանափակիչ միջոցառումները կարող են վերաբերել երկրի տարածքով օտարերկրյա ավիաընկերությունների թռիչքներին:

 

«Եթե լինեն էներգետիկայի հետ կապված պատժամիջոցներ, մեր ֆինանսական հատվածի հետագա սահմանափակումներ, մեզ հարկ կլինի ասիմետրիկ պատասխան տալ»,- նշել է Մեդվեդեւը:

 

The Wall Street Journal ամերիկյան թերթը հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցները նախատեսում է ռուսական այն ընկերությունների թվաքանակի ավելացում, որոնք չեն կարողանա միջոցներ փոխառնել կապիտալի շուկաներում:

 

Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ պատժիչ ցուցակում կներառվեն ՌԴ երեք հիմնական պետական նավթընկերությունները՝ «Գազպրոմ նեֆտը», «Տրանսնեֆտը» եւ Ռոսնեֆտը: Բացի այդ, պետության կողմից վերահսկվող հինգ բանկերի համար, որոնց ներկայում արգելված է աշխատել մարման ավելի քան 90 օր ժամկետով եվրոպական փոխառու գործիքներով, այդ ժամկետը կկրճատվի մինչեւ 30 օր:

 

Խոսքը վարկային հիմնարկությունների մասին է, որոնց նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել հուլիսի վերջին, դրանք են՝ Սբերբանկը, Ռոսսելխոզբանկը, Գազպրոմբանկը, Վնեշէկոնոմբանկը եւ ՎՏԲ-ն: Նախատեսված են սահմանափակիչ այլ միջոցառումներ, մասնավորապես, պաշտպանության բնագավառում: