Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը երկու պետությունների միջև կապերի հաստատման և խորացման առումով։

 

Կարեն Միրզոյանը նշել է, որ անմիջական շփումը քաղաքական գործիչների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ պայմաններ են ստեղծում դանիական հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում։

 

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է հյուրերին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման, ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցերին: