Ընթացիկ հարյուրամյակի կեսին Երկրագնդի օզոնային շերտը կարող է ամբողջությամբ վերականգնվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,-այս եզրակացությանն են եկել շուրջ 300 գիտնականներ, որոնք ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի գծով ծրագրի եւ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության հովանու ներքո գնահատական են տվել գազի այդ խոցելի թաղանթի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների արդյունավետությանը, թաղանթ, որը Երկրա գունդը պաշտպանում է Արեգակի վնասաբեր ուլտրամանուշակագույն ճառագայթումից:

 

Նրանց եզրակացությունները տեղ են գտել «Օզոնի քայքայման գիտական գնահատականը» փաստաթղթում, որը հրապարակվել է սեպտեմբերի 10-ին:

 

«Կան այն բանի դրական նշաններ, որ այս հարյուրամյակի կեսերին օզոնի շերտն ամբողջովին կվերականգնվի»,- այդ կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ ասել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի գծով ծրագրի գործադիր տնօրեն Ահիմ Շտայները: 1987 թվականին ընդունված «Մոնրեալի արձանագրությունը՝ աշխարհում բնապահպանական առավել հաջողակ համաձայնագրերից մեկը, թույլ տվեց պաշտպանել ստրատոսֆերայի օզոնային շերտը եւ թույլ չտալ Երկրագնդի մակերեւույթին հասնող ուլտրամանուշակագույն ճառագայթման աճ», ասել է նա:

 

Արձանագրությունն արգելք է սահմանել օզոնային շերտը քայքայող մի շարք քիմիական նյութերի արտադրության վրա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: