«Տարակուսանք և ցավ եմ ապրում, երբ ամեն տեղից վեր կացող, առանց հարցնելու, թե ինքն ով է եղել, ինչ կենսագրություն ունի, ինչ աններելի մեղքեր է գործել անցյալում, հայտարարում է նոր կազմակերպություն ստեղծելու մասին:

 

Կոնկրետ Արաբոյի Մանվել կոչվող Մանվել Եղիազարյանի մասին եմ ուզում խոսել, որովհետև Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից լինելուց բացի նաև անհայտ կորածի եղբայր եմ:

 

Ես, 1992 թ. հունիսի 29-ին Մարտակերտի մատույցներում մնացյալ անհայտ կորածների հարազատների հետ միասին, այդպես էլ չհասկացանք, թե ինչպես, ինչ պայմաններում կորցրինք մեր հարազատներին: Ինքս էլ, քաջ ծանոթ լինելով տեղանքին, որքան վերլուծել եմ, հետադարձ հայացքով նայել, եկել եմ այն միանշանակ եզրակացության, որ տղաների գլուխը նույն այդ Եղիազարյան Մանվելն է կերել: Նա, արդարացում չունենալով, ներկայացնում է, թե իբր 5 կմ առաջ է եղել տղաներից: Առանց մտածելու խոսում է: Եթե Ջրաբերդից մինչև Հասան ղայա 2 կիլոմետր է, ինքը ի՞նչ էր անում 5 կմ առաջ: Եթե այդքան առաջ էր գնացել, ինչպե՞ս վերադարձավ, կամ վերադառնալուց գոնե տղաների դիակները հետդ բերեիր: Մինչև այսօր էլ տղաների մայրերը, կանայք, զավակները սպասում են իրենց հարազատների վերադարձին: Իրականում նա միայն իր կաշին փրկելու մասին է մտածել, տղաներին ստույգ մահվան է ուղարկել, ինքն էլ՝ ճողոպրել:

 

Տղերքը կորել էին, դուք պատի տակ գինի էիք խմում: Հիմա էլ նոր ճակատագրերի հետ ես ուզում խաղալ:

 

Կամ մի հարցնող լինի՝ ինչու Մանվել Եղիազարյանը մի անգամ չի բացում տղաների տների դռները, չի հետաքրքրվում նրանց ընտանիքներով՝ ով ինչ հոգս ունի, ինչ դարդ ու ցավ: Ամեն տարի հունիսի 29-ին միայն մի դահլիճում գովազդային ասուլիս ես տալիս ու վերջ: Տղաների միջոցով, տղաների արյան գնով ինքնահաստատվել ես, նրանց ուրացել ու մենակ քո գովազդով ես զբաղված: Ամոթ է: Գոնե լեզուդ հետևդ քաշի և սուս ու փուս ապրի: Օգտվել ես առիթից, որ այսքան տարի չենք խոսել, նորանոր ստեր ես սկսել հորինել, նոր կյանքեր ես ուզում խորտակել:

 

Միայն Երկրապահ կամավորականների միությունն է, որ այսօր հետաքրքրվում է մեր կորած հարազատներով, զբաղվում է տղաների պատվին հուշարձաններ կանգնեցնելով, նրանց անուններով դպրոցներ անվանակոչելով, հետաքրքրվում է ընտանիքների սոցիալական վիճակով, անհրաժեշտության դեպքում սոցիալական, իրավական, բարոյական աջակցություն ցուցաբերում: Այդ իսկ պատճառով, մենք երբեք չենք լքի ԵԿՄ շարքերը: Մենք այսօր նաև մեր հարազատների փոխարեն ենք շարքում և հավատում ու վստահում ենք ԵԿՄ-ին, այլևայլ կառույցներ հիմնադրելու փորձ անողներին էլ համարում ենք հայ ազգի դավաճան և հայտարարում՝ դուք ի սկզբանե ձախողված եք»:


ԵԿՄ վարչության անդամ, արցախյան ազատամարտի մասնակից, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյան և անհայտ կորած ազատամարտիկների տասնյակ հարազատներ