ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 11-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քեռալին և ՀԲ երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Լորա Բելիին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, հետագա համագործակցության խնդիրները:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀԲ ներկայացուցիչները նախարար Զախարյանին ներկայացրեցին բանկի կողմից մշակված «Հայաստանի էներգետիկական ոլորտի քաղաքականության վերլուծություն» ծանոթագրությունը, որտեղ ներկայացված են Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և առաջարկություններ՝ դրանց լուծումների և ոլորտի կառավարման բար եփոխումների ուղղությամբ:

 

 

Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում փաստաթղթի շուրջ քննարկումներ կազմակերպել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:

 

Նախարար Զախարյանը շնորհավորեց տիկին Լորա Բելիին նոր պաշտոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար:

 

 

Բանկի ներկայացուցիչները ևս բարձր գնահատեցին Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: