ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը վստահում է Հայաստանի զինված ուժերին: Սրա մասին վկայում են «Գելափ ինթերնեյշնլ»-ի (GALLUP international association) հայաստանյան ներկայացուցչության կատարած հարցման տվյալները, որոնք սեպտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակեց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: «Նման թվերը սպասելի էին և շատ ուրախալի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Նավասարդյանը:

 

Ըստ հարցման' Հայաստանի առջև կանգնած ամենամեծ խնդիրը պատերազմական իրավիճակն է (40%), գործազրկությունը (35%), արտագաղթը (33%), գնաճը (20%), տնտեսական վատ իրավիճակը (18%), աղքատությունը (17%): Հարցվողները կարողացել են մեկից ավելի պատասխան նշել:

 

Հարցին, թե ինչով են պայմանավորած Ադրբեջանի գործողությունները, 24%-ը պատասխանել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կրած անհաջողություններով, ևս 24%-ն՝ արտաքին ուժերի կողմից Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներով, 18%-ը կարծում է,որ Ադրբեջանը նման կերպ փորձում է քողարկել երկրի ներքաղաքական անկայուն իրավիճակը, իսկ ըստ 13%-ի Ադրբեջանը օգտվում է ՀՀ ներքաղաքական ոչ կայուն իրավիճակից: «Այլ պատճառներով» նշումն է արել հարցվածների 6 տոկոսը:

 

Հարցումն իրականցվել է օգոստոսի 8-17 ընկած ժամանակահատվածում 18 տարին լրացած 1067 քաղաքացիների շրջանում: