Բասկերի Երկրի խորհրդարանը սեպտեմբերի 12-ին Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Սույն բանաձևով Բասկերի Երկրի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և նշում, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված փոխվստահության ամրապնդման բոլոր միջոցառումների իրականացումը։

 

Խորհրդարանը նաև կոչ է անում կողմերին հետ քաշել բոլոր դիպուկահարներին և ակտիվացնել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանաձևը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը՝ այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է:

 

Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը, Բասկերի Երկրի խորհրդարանը նաև նշում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է մասնակցեն ցանկացած քննարկումների, որոնք վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար։

 

Բանաձևի ընդունմանն աջակցել են խորհրդարանում ներկայացված բոլոր հիմնական քաղաքական ուժերը: