«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա ուշագրավ տեղեկատվությունը.


Ռուսաստանի հումանիտար ավտոշարասյունը ժամանել է Լուգանսկ

 

Ռուսաստանի՝ 70 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը ժամանել է Լուգանսկ: Այդ մասին Լուգանսկից հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը: Տվյալ պահին իրականացվում է բեռնատարների բեռնաթափումը:

Ավտոշարասյան ուղևորության ընթացքում պատահարներ չեն գրանցվել: Այն ուղեկցվել է Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության աշխարհազորայինների կողմից:

Հարավային մաքսային վարչության տեղեկացմամբ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին ավարտվել է բոլոր մեքենաների մաքսային ձևակերպումը:

Հումանիտար բեռի ընդհանուր քաշը 2 հազար տոննա է՝ ներառյալ սնունդ, ջրամաքրման միջոցներ, էլեկտրագեներատորներ և հումանիտար աղետի հետևանքները հաղթահարելու այլ միջոցներ:

 

***

 

Ադրբեջանում քաղաքապետը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին

 

Ադրբեջանի Ջալիլաբադ քաղաքի քաղաքապետ Քամալ Մամեդովը բռնվել է քաղաքացուց 5 հազար մանաթ գումար կաշառք ստանալու պահին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով axar.az լրատվական կայքը, Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները պարզել են, որ քաղաքացու կողմից երկար տարիներ օգտագործվող 0,04 հա մակերեսով հողակտորը 20 հազար մանաթով նրան վաճառելու խոստման դիմաց քաղաքապետը կաշառք է պահանջել:

Քաղաքապետի դեմ կաշառակերության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Երևանում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը

 

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Տոյոտա Լանդ Կրուզեր» մակնիշի 34VU707 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' ավտոմեքենայի ուղևոր Հ. Հ.-ը (ծնվ.1993թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

***

 

Ոստիկանները Նոր Նորքի այգու սկզբնամասում զինամթերք են հայտնաբերել

 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում սեպտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նանսենի փողոցի 12 հասցեի մոտ զենք է թողնում:

Ոստիկանները նշված հասցեի մոտ գտնվող այգու սկզբնամասում հայտնաբերել են պոլիէթիլե նային տոպրակ, որի մեջ առկա էր նռնականետի նռնակ, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 5 պայթուցիչ և ծխագլան:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Իսլամիստները զգուշացրել են Ադրբեջանին

 

Արտասահմանյան մամուլում բավականաչափ տեղեկություններ են հրապարակվել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման' Ադրբեջանի համար եւս մեծ վտանգ լինելու մասին: Իրաքում եւ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական կազմակերպության կազմում ադրբեջանցիների մասնակցությունը խիստ անհանգստացնում է Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանի համար ԻԼԻՊ-ի ստեղծած վտանգների մասին հայտնում է նաեւ Եվրոպայի ինստիտուտի աշխատակից Նադանի Ֆրիդրիխսոնը: Նրա հոդվածում ասվում է, որ ԻԼԻՊ-ն այլեւս չի թաքցնում Ադրբեջանի հետ կապված իր ծրագրերը, եւ «Իսլամական պետության» վտանգը սպառնում է նաեւ այդ երկրին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:

Այս տարվա հուլիսին ԻԼԻՊ-ի կողմից հրապարակված քարտեզում Ադրբեջանը ներկայացված էր ԻԼԻՊ-ի ստեղծելիք խալիֆայության մեջ: Ըստ քարտեզի' Ադրբեջանը բաժանվելու է երեք մասի: Հյուսիսային Ադրբեջանի մի մասը ներկայացված է ԻԼԻՊ-ի հյուսիսկովկասյան ամիրայության կազմում, միջին մասը' հարավկովկասյան ամերիայության, իսկ հարավային մասն ամբողջությամբ բաժանված է Սպահանի եւ Քրդստանի ամիրայությունների միջեւ:

Թեեւ հետագայում հրապարակված քարտեզից Ադրբեջանի անունը հանվել է, սակայն, ուշադրության հրավիրելով ժամանակ առաջ Բաքվում անցկացված «հիջաբի ակցիային», վերլուծաբանը հայտնում է, որ Ադրբեջանում «մահմեդական ընդդիմություն» է ձեւավորվում: «Ադրբեջանում մահմեդական ուժի հիմնական մասը կարող են դառնալ Սիրիայում հակակառավարական մարտերին մասնակցած, այժմ տուն վերադարձող ջիհադական ադրբեջանցիները: Այդ տեսակետից ելնելով' հնարավոր պայթյունավտանգ շրջաններում կարելի է ընդգրկել նաեւ Ադրբեջանը, ինչպես նաեւ Իրանի հյուսիսային հատվածը», -նշել է եվրոպացի փորձագետը:

Նրա խոսքով' արեւմտյան վերլուծաբանները գտնում են, որ Ադրբեջանի համար «արմատական կրոնական վտանգը» կարող է բխել Ռուսաստանից եւ Իրանից: Վերջերս այդ հնարավոր վտանգների մասին բարձրաձայնել էր նաեւ ԱՄՆ-ի հետախուզության օրինական անդամ ճանաչված «Ստրատֆոր» կենտրոնի տնօրեն Ջորջ Ֆրիդմանը, ով Արեւմուտքին կոչ արել մտածել այդ մասին:

«Ազադլըգ»-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Սուլհեդդին Աքբերը հայտարարել է, որ առանց միջազգային համագործակցության, Ադրբեջանի միայնակ պայքարը ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպության դեմ անիմաստ է:

 

***

 

 Մոսկվան ստիպված կլինի կիրառել պատասխան պատժամիջոցներ. ՌԴ ԱԳՆ

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները գնահատում են իբրև ԱՄՆ-ի կողմից իրականացվող թշնական քայլ: ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունում ասվում է, որ նոր սահմանափակող միջոցները կսրեն Ուկրաինայի իրավիճակը, որտեղ մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է հրադադար հաստատել:

Մոսկվան պատժամիջոցներն անարդյունավետ է համարում և չի պատրաստվում փոխել իր քաղաքական դիրքորոշումը: Մոտ ապագայում Ռուսաստանը ստիպված կլինի կիրառել պատասխան պատժամիջոցներ, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաև ընդգծվում է Վաշինգտոնի ազդեցությունն ուկրաինական կոնֆլիկտի սրմանը: Այս մասին հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

 

***

 

Ստամբուլի մի մասը կարող է վերանալ

 

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մասնագետների անցկացրած հետազոտությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Մարմարա ծովում սպասվող մեծ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվելու է Ստամբուլից 8 կմ հեռավորության գտնվող «Շահզադե կղզիների հատված» կոչված սեյսմիկ օջախում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները' նշելով, որ այդ տարածքում վերջին հզոր երկրաշարժը տեղ ի է ունեցել 250 տարի առաջ:

Մասնագետների կարծիքով' Մարմարա ծովի խորության վրա գտնվող այդ սեյսմիկ դատարկության արեւմտյան մասում երկրակեղեւի որեւէ ցնցում չի գրանցվել: Դեռեւս հայտնի չէ, թե նվազագույնը 7 բալ ուժգնությամբ ենթադրվող երկրաշարժը երբ եւ կոնկրետ որ հատվածում կարող է լինել:

Մասնագետները նշում են, որ երկրաշարժերն առաջ են ընթանում արեւելքից դեպի արեւմուտք, եւ նթադրում, որ 1999 թվականին տեղի ունեցած «Գյոլջյուք» երկրաշարժից հետո հերթական երկրաշարժի էպիկենտրոնը լինելու է Ստամբուլը:

Մասնագետները հիշեցնում են «Գյլոչյուք» երկրաշարժի ժամանակ հազարավոր մարդկանց մահը եւ նշում, որ խիստ կարեւոր է կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին երկրաշարժագետների այն կանխատեսումների մասին, որ առաջիկա 50 տարիների ընթացքում Ստամբուլի շրջանում ենթադրվող երկրաշարժը կարող է վերացնել այդ հսկա քաղաքի կեսից ավելին եւ մարդկային մեծ կորստի պատճառ դառնալ:

 

***

 

Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է հիվանդանոցում

 

Արտյոմ Ա.-ն (1981թ. ծնված) «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով սեպտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, Մխչյան գյուղից Դիտակ գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 1935թ. ծնված Վաչիկ Բադալյանին, պատճառել մարմնական վնասվածքներ և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:

Սեպտեմբերի 13-ին, ժամը 04.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Վ. Բադալյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, ժամը 04.30-ին մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Դոնեցկը գիշերը ռմբակոծության է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ

 

Դոնեցկի արվարձանում գիշերը տեղի ունեցած հրետանային ռմբակոծության հետևանքով կա մեկ զոհ և վեց վիրավոր: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

«Առավոտյան Մակեևկայում ռմբակոծվել է Խորհրդային տարածքը: Մեկ մարդ զոհվել և վեցը վիրավորվել են»,- ասված է զեկույցում:

Դոնեցկում գիշերը գնդակոծության է ենթարկվել Կիևի շրջանը: Զոհերի և վիրավորների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ն Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում Կիևի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի իշխանության ներկայացուցիչներն Ուկրաինայում հրադադարի մասին արձանագրություն են ստորագրել:

 

***

 

Հակառակորդը շաբաթվա ընթացքում 220 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

 

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ' տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնալով հրադադարի պահպանման ռեժիմին' պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

***

 

Դանակահարել է նախկին կնոջը, վերջինիս մորը և ազգականին (տեսանյութ)

 

 

***

 

Հանրապետությունում աղիքային հիվանդության համաճարակ չկա

 

Հանրապետության ողջ տարածքում աղիքային հիվանդության համաճարակ չի արձանագրվել:

Վերջին օրերին աղիքային հիվանդության տեղային միակ բռնկումը գրանցվել է Քաջարանում: Այն արդեն մարվել է:

 

***

 

«Թեժ աշնան» համար կան «սառը ցնցուղներ». Վլադիմիր Գասպարյան

 

ՀՀ ոստիկանությունը չի հանդուրժելու քաղաքական զանգվածային միջոցառումների հետ կապված օրինախախտումները: Այս պասին նշել է ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը' սեպտեմբերի 13-ին, «Արզնի» օդանավակայան, ուր այցելել էր անձամբ հետևելու հրամանատարաշտաբային վարժանքի ավարտական միջոցառումներին:

Պատասխանելով քառյակի խոստացած «թեժ աշնան» մասին լրագրողների հարցին՝ Գասպարյանը նշեց. «Թեժ աշնան» համար կան «սառը ցնցուղներ», իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի «թեժ աշուն» կարող ենք կազմակերպել: Պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, օրենքի սահմաններում: Այն ժամանակ այդ «թեժ աշունները» կարող են շահեկան լինեն: Իսկ եթե դրանք օրենքի խախտումներով են լինում, ես՝ որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նաև ընդգծեց. «Ամեն ինչի համար կան օրինական ճանապարհներ: Ոստիկանությունը խոնարհությամբ կծառայի այդ օրինական մոտեցումներին: Ցանկացած օրինախախտում, ավելին՝ ոստիկանի հանդեպ ոտնձգություն խստագույնս կպատժվի: Մենք ազնիվ ենք մեր գործի մեջ' Աստված է վկա, և մեզ պետք չէ անազնվության, ինչ-որ բաների թիրախ դարձնել: Մենք նույն քաղաքացիներն ենք: Այսօր ոստիկանությունը ուզում է վաղվա մեր երեխաների, մեր թոռների ոստիկանությունը ստեղծել»,- հավելեց Վլադիմիր Գասպարյանը:

Սեպտեմբերի 8-ից ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ անցկացվում է «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանք: Դրանց նպատակն է' զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության, ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումը:

 

***

 

Նոր քաղաքական սկանդալ է ծագել Թուրքիայում

 

Թուրքիայում նոր քաղաքական սկանդալ է հասունանում: Այդ երկրի գերագույն դատարանը դիմել է կառավարությանը' Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելին հարցաքննության կանչելու թույլտվություն ստանալու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Դիմումում ասվում է, որ գլխավոր շտաբի պետը չարաշահել է լիազորությունները եւ միջամտել դատական գործընթացին:

Նեջդեթ Օզելը 2011 թվականին մի քանի անգամ հանդես է եկել «Էրգենեկոն» դատական գործի շրջանակում ձերբակալված բանակի սպաների անմեղ լինելու մասին հայտարարություններով:

 

***

 

24-ամյա աղջկա մոտ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

 

Սեպտեմբերի 12-ին' ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հասրաթյան փողոցի թիվ 2 տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որի ներքնաշորից, «Դավիդով» ծխախոտի փայլաթիթեղի մեջ փաթեթավորված, հայտնաբերվել է 1.54 գրամ դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Ուկրաինայի զորքերը կրկին մեղադրել են աշխարհազորայիններին հրադադարի խախտման մեջ

 

Ուկրաինական զորքերը հայտարարել են, որ աշխարհազորայինները կրակ են բացել Դեբալցևոյի շրջանում իրենց դիրքերի և Դոնեցկի օդակայանի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

Շաբաթ օրը առավոտյան աշխարհազորայինները հայտնել են, որ ռմբակոծության արդյունքում Դոնեցկի մերձակայքում մեկ հոգի զոհվել և ևս վեցը վիրավորվել է:

Իրենց հերթին զորքերը հայտարարել են աշխարհազորայինների կողմից կրակի վերսկսման մասին:

«Չնայած հայտարարված հրադադարի շուրջ մի շարք պայմանավորվածություններին՝ ապօրինի զինված խմբերը շարունակում են կրակել դիրքերի վրա: Մասնավորապես, սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան ժամը 7:30-ին, գնդակոծվել են Դեբալցևի անցակետը և Դոնեցկի օդանավակայանը»,- այս մասին հայտարարվել է աշխարհազորայինների հատուկ օպերացիայի մամուլի հաղորդագրության մեջ՝ իր ֆեյսբուքյան էջում:

Զորքերը հայտնել են 12 աշխարհազորայինի մահվան մասին: