Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքի հայցին ընթացք է տալիս' Ադրբեջանի կառավարությունից բացատրություն պահանջելով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունից, Պետրոսյանի ընտանիքի ներկայացուցիչների պահանջին ի պատասխան՝ սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին», մինչև սույն թվականի սեպտեմբերի 26-ը:

 

2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)' դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:

 

«Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) ՀԿ գործադիր տնօրեն, աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը,- այս անօրինական ձգձգումն ավելի է խորացնում տառապանքը, որին արդեն իսկ ենթարկվում է անմեղ քաղաքացու ընտանիքը»:

 

«Պահանջը ներկայացվել է Պետրոսյան ընտանիքի անդամների ընտանեկան և անձնական կյանքի իրավունքի անդառնալի և շարունակական խախտումը կանխելու նպատակով»,- ասաց աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

 

Պետրոսյան ընտանիքի շահերը ներպետական վարույթներում և ՄԻԵԴ-ում ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ: Պետրոսյանի ընտանիքը ՄԻԵԴ-ում ներկայացնում են մարդու իրավունքների ոլորտի իրավաբաններ Քրիստինա Գևորգյանը, Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը, ինչպես նաև իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Արտակ Զեյնալյանը:

 

Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»: Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Կ. Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:

 

Հակառակ ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի կոչերին և հորդորներին, Ադրբեջանը դեռ չի վերադարձրել Պետրոսյանի դին հարազատներին:

 

Աշխատանքային խմբին չծանրաբեռնելու, ինչպես նաև Պետրոսյան ընտանիքին նրանց համար այս ծանր ժամանակահատվածում ավելորդ հետաքրքրասիրությունից զերծ պահելու նպատակով աշխատանքային խումբը դիմում է լրագրողներին՝ խմբի հրապարակած տեղեկատվության սահմաններից դուրս խմբի անդամներից և ընտանիքի անդամներից լրացուցիչ մեկնաբանություններ չպահանջելու խնդրանքով: Նման հարցերի պատասխանները պետք է քննարկվեն խմբի բոլոր անդամների կողմից, իսկ տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն խմբի անդամների միաձայն համաձայնությամբ, ինչը էականորեն ծանրաբեռնում է խմբի անդամներին: Ինչ վերաբերում է Պետրոսյան ընտանիքի անդամներին հարցադրումներ կատարելուն, ապա մենք ապավինում ենք լրագրողական համայնքի՝ սույն հարցին ըմբռնումով մոտենալու պատրաստակամությանը. գործը գտնվում է իրավաբանական բարդ ընթացակարգերում և ընտանիքի յուրաքանչյուր անդամին առանց իր փաստաբանի հարցեր ուղղելու և դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ստանալը կվտանգի սույն գործով տուժողների շահերի արդյունավետ պաշտպանությունը: Միաժամանակ, աշխատանքային խումբը պարտավորվում է լրագրողական համայնքի միջոցով սույն գործի զարգացումների վերաբերյալ պարբերաբար հանդես գալ հրապարակային հնարավորինս մանրամասն հաղորդագրություններով՝ հաշվի առնելով և բարձր գնահատելով սույն գործի վերաբերյալ հայաստանյան և միջազգային մամուլիև այլ հանրության ուշադրությունը: