Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունեցել Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Ահրարուր Շամ» կոչված իսլամիստական ահաբեկչական խմբավորման ոչնչացման դեմ: Կազմակերպության շտաբում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 45 ջիհադական վահաբիներ (իսլամի սունի ուղղության սալաֆի ծայրահեղական թև) են ոչնչացվել, որոնցից 18-ը խմբավորման հրամանատարներ են եղել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Ստամբուլի Ֆաթիհ մզկիթում ահաբեկիչների հոգեհանգստի արարողություն է անցկացվել: Արարողության ժամանակ մասնակիցները «Հաղթանակ Սիրիայում», «Քերի, հեռացիր», «Ոչ ՆԱՏՕ-ի զավթիչ կոալիցիային» և ահաբեկիչների առաջնորդ Հասան Աբդուլլահի դիմանկարներով պաստառներ են պարզել:

 

Բողոքի միտինգին հազարավոր սալաֆիներ են մասնակցել: Միտինգում ելույթ ունեցողները հայտարարել են, որ դեմ են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման դեմ ռազմական գործողությունների համար արտաքին ուժերի կողմից Թուրքիայի տարածքի օգտագործմանը: Նրանք կոչ են արել Թուրքիայի կառավարությանը չաջակցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի կողմից ստեղծվող կոալիցիային:

 

«Ահրարուր Շամ» ահաբեկչական խմբավորումը ոչնչով չի տարբերվում ԻԼԻՊ-ից: Այն ևս պայքարում է Սիրիայի կառավարական ուժերի դեմ' կոտորածներ կազմակերպելով խաղաղ բնակչության դեմ:

 

Թուրքիան պաշտոնապես հրաժարվել է միանալ ԻԼԻՊ-ի դեմ ստեղծված 40 երկրների մասնակցությամբ կոալիցիային: Միջազգային մամուլը հաճախ է անդրադարձել Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ին ֆինանսական, ռազմական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերվելու փաստերին: