Իրաքում ստեղծված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքները Ռուսաստանին և այլ երկրներին «գովազդային» բնույթ են կրում։ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունները հետապնդում են կոնկրետ նպատակ՝ ստեղծել վարկանիշային թեմաներ զանգվածային լրատվական միջոցների և միջազգային հանրության համար։

 

«Քանի որ այս կառույցը ազգություն չի ճանաչում, նրանք փ որձում են ամբողջ աշխարհից իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ ծայրահեղ մուսուլմանական գաղափարներ կրող երիտասարդների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

 

Փորձագետը նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցները չեն ցանկանում կոալիցիա ձևավորել։ «Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, շատ զգույշ են արտահայտվում «Մեծ Եղբոր» նախաձեռնության վերաբերյալ, քանի որ նրանք վախենում են, որ ռազմական միջամտությունը կարող է տևական բնույթ կրել, ինչը նրանց ձեռնտու չէ»,-ասաց նա։

 

Բանախոսը նկատեց, որ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներում չկան լրագրողներ և այդ պատճառով ոչ ոք պատկերացում չունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բանակի իրական քանակի մասին։

 

«Ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչության տվյալների համաձայն՝ ահաբեկիչների քանակը տատանվում է 20-30 հազարի սահմաններում և այդ թիվը շարունակում է աճել»,-ասաց փորձագետը և հավելեց, որ զանգվածային լրատվական միջոցները պետք է ինչքան հնարավորինս քիչ անդրադառնան «Իսլամական պետություն» ահա բեկչական խմբավորմանը, քանի որ դրանով նրանք անուղղակիորեն օգնում են նրանց։

 

«Իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման «խալիֆ» Աբու Բաքըր ալ Բաղդադիին հավատարմության երդում տալով՝ ընդդիմադիր այլ կազմավորումների անդամներ անցնում են այդ խմբավորման կողմը։ Միայն հուլիսին զինյալների շարքերը համալրվեցին 800 ապստամբներով և 1100 օտարերկրյա վարձկաններով, բացի այդ, զինվորական պատրաստություն է անցել ևս 6300 կամավորական: