Էկոգյուղերի ցանց է ստեղծվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներում։ «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնությունը համակարգում են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները։

 

«Մենք ցանկանում ենք ներգրավել հնարավորինս շատ հասարակական կազմակերպությունների և շ ահագրգիռ կողմերի և այս պահին մեր նախաձեռնությանն անդամակցել են ավելի քան 20 կազմակերպություններ»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը և ավելացրեց, որ ստեղծվում է նաև կամավորների բազա, որում արդեն ընդգրկված են 70 և ավելի կամավորներ։

 

«Այդ բազայի օգնությանբ երիտասարդները կայցելեն էկոգյուղեր և կամավորության սկզբունքով կիրականացնեն ուսուցողական և տարաբնույթ այլ աշխատանքներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա։

 

ՀԿ նախագահը նշեց, որ էկոգյուղի հիմնական չափանիշներն են՝ էկոկրթության սերմանումը, առանց թունաքիմիկատների՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ստեղծումը, աղբի տեսակավորումը և վերամշակումը, էներգախնայողության խթանումը և էկոտուրիզմի ու ագրոտուրիզմի զարգացումը։

 

«Մեր նպատակներից է էկոտուրիզմի և ագրոտուրիզմի շնորհիվ գյուղերի բնակչությանն ապահովել այլընտրանքային եկամտի միջոցներով, ինչը հնարավորություն կտա կանխելու գյուղերի բնակչության արտագաղթը»,-ասաց բանախոսը և հավելեց, որ տեղական սննդի բրենդավորման և զբոսաշրջիկների շրջանում առաջխաղացման նպատակով, նախատեսվում է Ստեփանակերտ-Վանք ճանապարհին կից տարածքում(Աստղաշեն-Պատարա տանող ճանապարհի մոտ) ստեղծել էկոգյուղերի արտադրության վաճառքի կետ, որը կապահովի տեղում գյուղական ապրանքների համտես և վաճառք։

 

Իր հերթին՝ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Պետրոսյանը նշեց, որ իրենք արդեն հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, և նա հավանություն է տվել իրենց ծրագրին։ «Գյուղապետերը նույնպես ողջունում են մեր նախաձեռնությունը։ Հիմա գյուղերին արդեն հասանելի է համացանցը, որը դեռևս վատ որակի է, սակայն օրեցօր համացանցի որակը բարելավվում է»,- ասաց Պետրոսյանը։

 

Նախաձեռնության անդամները համոզմունք հայտնեցին, որ իրենց նախաձեռնության շնորհիվ Խնձրիստանի, Պատարայի, Աստղաշենի և, ընդհանրապես, Արցախի գեղեցիկ հուշարձանները և հրաշալի բնությունն ավելի ճանաչելի կդառնան աշխարհին։

 

2014թ. հուլիսի 21-26 ԼՂՀ Խնձրիստան գյուղում կազմակերպվել էր վրանային ճամբար, որի նպատակն էր հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ անհատների մասնակցությամբ քննարկել և առաջարկել Արցախում էկոգյուղի մոդելի ներդրման գաղափարը, և հիմնել «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ստեղծման ցանց։

 

Էկոտուրիզմը (էկոլոգիական զբոսաշրջություն, էկոզբոսաշրջություն), բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն է։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։

 

էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։