Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ Ռուսաստանի Դաշնություն գինու արտահանման ծավալի 20-30 % աճ կա:

 

Հարցին, թե արտահանվող ապրանքի ծավալների աճը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներո՞վ, Ավագ Հարությունյանը պատասխանեց. «Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դրա հետ կապ չունեն: Պատժամիջոցներով պայմանավորված աճը մենք կունենանք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»:

 

Գինեգործների միության նախագահը նշեց, որ իրականում գինու արտահանման աճն այդքան մեծ չի լինի, քանի որ ցրտահարության պատճառով խաղողի բերքն այնքան էլ շատ չի եղել. «Եթե մենք շատ բերք ունենայինք, արտահանում էլ գուցե շատ լիներ»,-ասաց Ավագ Հարությունյանը՝ նշելով, որ այդուհանդերձ՝ սպասվում է, որ արտահանման ծավալների աճ կունենանք, ընդ որում՝ ավելի, քան պլանավորված 20-30 տոկոսը: