Բաքվի համար հիստերիայի հերթական առիթն է ստեղծվել. Եվրոպայում նահանգի մակարդակով Արցախի անկախության ճանաչումը ջղաձգումներ է առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ: Նրանք բողոքի նոտա են նախապատրաստում Իսպանիայի դեմ' կապված Բասկերի երկրի խորհրդարանում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձևի ընդունման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիևը:

 

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի դեսպանությունն արդեն հանդիպում է պահանջել Բասկերի երկրի կառավարության ղեկավարի հետ և այժմ ճշգրտվում են ժամկետները: Բացի այդ, Էֆենդիևը հայտնել է, որ դեսպանությունը նամակ է ուղարկելու Բասկերի երկրի նախագահին' բացատրություն պահանջելով:

 

Բասկերի երկրի խորհրդարանը սեպտեմբերի 12-ին Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել: Սույն բանաձևով Բասկերի երկրի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և նշում, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված փոխվստահության ամրապնդման բոլոր միջոցառումների իրականացումը: Խորհրդարանը նաև կոչ է անում կողմերին հետ քաշել բոլոր դիպուկահարներին և ակտիվացնել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները: Բանաձևը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը՝ այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է: