Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բարեկեցության, բնակչության՝ իրենց կյանքով բավարարվածության համաշխարհային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից: Այն աշխարհի 135 երկրների շարքում 78-րդն է:

 

Ինդեքսում, որը բացահայտում է ոչ միայն այն, թե որքան հարուստ կամ որքան առողջ են այս կամ այն երկրի բնակիչները, այլ թե որքան լավ են նրանք զգում իրենց երկրում, առաջին տեղում Պանաման է, ամենավերջին տեղերում՝ Սիրիան ևԱֆղանստանը:

 

Բարեկեցության ծրագրերի իրականացմամբ հայտնի «Gallup and Healthways» ընկերության կողմից կազմված ինդեքսում ԱՄՆ-ը 12-րդն է, Միացյալ Թագավորությունը՝ 26-րդը, Գերմանիան՝ 29-րդը, Ֆրանսիան՝ 51-րդը, Ռուսաստանը՝ 62-րդը, Հայաստանը՝ 112-րդը: Վարկանիշային աղյուսակում նաև նորանկախ Կոսովոն է՝ 39-րդ տեղում:

 

Խորհրդանշական է, որ Արցախի Հանրապետությունում իրենց կենսապայմաններով բավարարված են ավելի շատ մարդիկ, քան նավթադոլարների մեջ լող տվող Ադրբեջանում (111-րդ տեղ) ու Եվրամիությունում տեղ զբաղեցնելու նկրտումներ ունեցող Թուրքիայում (97-րդ տեղ):

 

Վարկանիշը կազմվել է հիմնվելով յուրաքանչյուր երկրի բնակիչների կողմից հինգ հիմնական գործոնների գնահատման վրա՝ նպատակադրվածության, սոցիալական կապերի, ֆինանսական և ֆիզիկական կարողությունների ու համայնքային ներգրավվածության: