«Իսլամական պետության» դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ու ռազմական գործողությունների հարցը թերևս այսօր կարևորագույն խնդիրն է մերձավորարևելյան գործընթացների համատեքստում: ԻՇԻՊ-ի դեմ կոալիցիային մաս չկազմող և իր «պասիվ դերակատարությունն» առաջարկող Թուրքիայի քաղաքականությունը լուրջ քննադատության է ենթարկվում հատկապես ամերիկյան շրջանակների կողմից:

 

Դեռևս ԱՄՆ-ի կողմից ԻՇԻՊ-ի դեմ կոալիցիա ստեղծելու առաջարկից հետո կային նախանշաններ, որ թուրքական կողմը որոշ վերապահումներ է ունենալու դրան միանալու հարցում, որոնցից ամենակարևորը Մոսուլի հյուպատոսության 49 թուրք գերիների անվտանգության հարցն է:

 

Սաուդյան Արաբիայում գումարված «Իսլամական պետության դեմ հակաահաբեկչական պայքարի» խորհրդաժողովի ընդունած հայտարարության տակ Թուրքիան հրաժարվեց դնել իր ստորագրությունը: Խորհրդաժողովը ներկայացրած Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն, խորհրդակցելով Անկարայի հետ, չստորագրեց խորհրդաժողովի հայտարարության տեքստի տակ:

 

Թուրքիայի ներկայացրած փաստարկը Մոսուլում պահվող թուրք գերիների անվտանգության հարցն էր, որն այսօր էլ Անկարան ներկայացնում է որպես կարևորագույն խնդիր՝ ռազմական գործողություններից ձեռնպահ մնալու համար: Գրեթե միաժամանակ Անկարայում ուժային կառույցների մասնակցությամբ գումարված ժողովում նախնական որոշում էր կայացվել Թուրքիային «հեռու» պահել այդ կոալիցիայի ռազմական գործողություններից:

 

Հավաքին առաջ էր քաշվել Թուրքիայի «պասիվ» դերակատարության անհրաժեշտությունը: Այսինքն՝ Թուրքիան այս փուլում անհնար է համարում որևէ ռազ մական գործողության մասնակցությունը կոալիցիայի կազմում: Սեպտեմբերի 15-ին Կատար կատարած այցելության ավարտին նախագահ Էրդողանը հաստատեց կոալիցիայի ռազմական գործողություններին Թուրքիայի ձեռնպահ մնալու դիրքորոշումը, միևնույն ժամանակ, նշելով Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի և Իրաքի սահմանին բուֆերային գոտիներ ստեղծելու հնարավորության մասին:

 

Ինչևէ, ԱՄՆ գլխավորած կոալիցիայից խույս տալու թուրքական կողմի հիմնական փաստարկներից մեկը Մոսուլում պահվող 49 թուրք գերիներն են: ԻՇԻՊ-ի մոտ պահվող գերիների հարցը կարելի է դիտարկել ռազմական և քաղաքական տեսանկյուններից:

 

Նախ, զուտ ռազմական տեսանկյունից, ԻՇԻՊ-ի գրոհի ժամանակ Մոսուլում թուրքական հյուպատոսությունը պաշտպանվելիս է եղել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի թվով 15 հատուկջոկատայինների կողմից, որոնք համարվում են թուրքական բանակի էլիտար ստորաբաժանումներից: Առանց որևէ դիմադրության կամ հակագործողության՝ թուրք հատուկջոկատայինները նույնպես գերի են ընկել:

 

Մյուս կողմից, Թուրքիան քայլեր չձեռնարկեց ռազմական հատուկ գործողության միջոցով այդ գերիներին հետ վերադարձնելու ուղղությամբ: Հաշվի առնելով Մոսուլի դիրքը, հետախուզական տեղեկատվությունը, տա րածքի հասանելիությունը հատուկ նշանակության ուժերի կողմից մանրակրկիտ պլանավորման դեպքում անիրականանալի չի թվում նման հատուկ գործողության անցկացումը:

 

Այլ հարց է, որ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը վստահ չեն եղել նման օպերացիայի արդյունավետության մեջ: Մինչդեռ աշխարհում հատուկ նշանակության ստորաբաժանումների բազմակի անգամ հաջող գործողությունների իրականացման փաստեր կան իրենց տարածքներից դուրս, ոչ անմիջական հարևանների տարածքներում՝ ինչպես օրինակ հյուսիսային Իրաքում Թուրքիայի դեպքում: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ամերիկյան, ա նգլիական, խորհրդային կամ այլ երկրների հատուկ ուժերը առանց մեծ կոմունիկացիոն և թիկունքային ապահովման հաջող գործողություններ են իրականացրել սեփական երկրից մեծ հեռավորության վրա, շատ դեպքերում նույնիսկ հանդուգն տրանսպորտային փոխադրումներով և գրոհներով:

 

Ամենավառ օրինակը կարելի նշել 1976 թ. Ուգանդայի տարածքում իսրայելական հատուկ նշանակության ուժերի կողմից իրականացված «Էնտեբե» օպերացիան, երբ առևանգված օդանավի 100-ից ավել պատանդները փոխադրվեցին Իսրայել, իսկ հատուկ գործողությունն իրականացվեց Իսրայելից 2500 կմ հեռավորության վրա:

 

Քաղաքական առումով, կային տեղեկություններ, որ գերիների հետ կապված անց են կացվել նախնական բանակցություններ ԻՇԻՊ-ի հետ, սակայն ավելի ուշ Անկարայից հորդորել են գերիներին «հանգիստ լինել, քանի որ նրանց որևք վտանգ չի սպառնում»: Բանակցություններին ներգրավված է եղել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը, ինչը, սակայն, չի հանգեցրել գերիների ազատ արձակմանը:

 

Հետագա քաղաքական գործընթացների դիտարկման պարագայում որոշակիորեն հասկանալի է դառնում այդ գերիների «խաղարկման» մարտավարությունը Թուրքիայի ձեռքին: Իսկ արդյո՞ք հնարավոր չէ, որ հենց ԻՇԻՊ-ի հետ թուրքական կողմի բանակցությունների արդյունքում է որոշվել գերիների Ճակատագիրը, որը Անկարայի համար մանևրելու լայն հնարավորություններ էր ստեղծելու: Այս հարցերն են, որ արդեն թուրքական քաղաքական դաշտում դառնում են քննարկման առարկա:

 

 

Լևոն Հովսեփյան, թուրքագետ