Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄՀ երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը: «Սեպտեմբերի 16-ին հանդիպում է եղել: Տեղի է ունեցել ընտանեկան հաղորդագրությունների փոխանակու մ»,-ասաց Հասմիկ Գալստյանը:

 

Ադրբեջանում գործող ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ գերուն առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 9-ին' գերության մեջ գտնվելու 13-րդ օրը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնել են իրենց կողմում հայտնված հայ գրու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի' Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սարգիս Անանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: