Ռուսաստանի խոշորագույն հոլդինգներից մեկի՝ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի հիմնական բաժնետեր և տնօրենների խորհրդի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, որը երկրի ամենահարուստ գործարարների ցուցակում է, մեղադրվում է փողեր լվանալու մեջ և տնային կալանքի է ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արդեն հայտարարել է, որ այդ գործում քաղաքականություն փնտրելն անհեթեթ է:

 

Մարկինի խոսքով՝ ՀԿ-ի գլխավոր հետաքննչական վարչությունում քննվում է «բաշկիրյան վառելիքաէներգետիկական ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման և դրանց լեգալացման փաստով քրեական գործը»: «Հետաքննությունը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի լեգալացմանը մեղսակից է «Սիստեմա» բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը»,- ասել է Մարկինը:

 

Մոսկվայի Բասմանյան դատարանը հուլիսին դրամական միջոցների վատնման և լվացման կասկածանքով հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ գործի քննության շրջանակներում կալանք է դրել «Բաշնեֆտի»՝ «Սիստեմա»-ին պատկանող բաժնետոմսերի վրա: Հետաքննությունը գործարարին մեղսակից է համարում 2009 թվականի ապրիլին «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովի կողմից նավթընկերության բաժնետոմսերը «Սիտեմայի» կառույցներին վաճառելուն:

 

Տուժած կողմ է ճանաչվել Բաշկիրիայի հողային և գույքային հարաբերությունների նախարարությունը, որը 209 մլրդ ռուբլու փոխհատուցման հայց է ներկայացրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: