Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի երեք քաղաքական ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը մոտակա օրերին մարզային այցելություններ կսկսեն: Այս մասին քառյակի հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

«Մարզային այցելությունները կապված են լինելու երեք քաղաքական ուժերի համատեղ հարահավաքի մասին իրազեկման հետ: Քանի որ ՀՅԴ-ն չի մասնակցելու առաջիկա հանրահավաքին, չի մասնակցի նաև մարզային այցելություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Զոհրաբյանը:

 

 

Նրա խոսքով' երեք քաղաքական ուժերից ընտրվել են աշխատանքային խմբեր, որոնք մեկ-երկու օրվա ընթացքում կկազմեն մարզային այցելությունների ժամանակացույցը, կձևավորեն խմբեր, որոնք կազմված կլինեն երեք քաղաքական ուժերի պատգամավորներից և քաղաքական խորհուրդների անդամներից: «Մենք մեր մարզային հանդիպումների ժամանակ կներկայացնենք մեր դիրքորոշումը 12 կետերի կատարման ընթացքի և, բնականաբար, այնպիսի լրջագույն խնդրի վերաբերյալ, ինչպիսին սահմանադրական բարեփոխումներն են»,- նշեց Զոհրաբյանը:

 

Նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե ՀՅ Դաշնակցության մոտեցումը խոսում է այն մասին, որ քաղաքական այդ ուժը փորձում է «խաղից» դուրս գալ»՝ ընդգծելով, որ այլապես հնարավոր չէր լինելու հանրահավաքի ժամանակ շրջանցել սահմանադրական բարեփոխումների հարցը, իսկ այս հարցում կարծիքները տարբեր են. այդ պատճառով է, որ ՀՅ Դաշնակցությունը չի մասնակցի հանրահավաքին և մարզային այցելություններին:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղարը հիշեցրեց, որ իրենք քառյակի գործունեության սկզբնական շրջանում էլ հայտարարել են, որ քառյակը քառյակ է այնքանով, որքանով տարբեր հարցերի վերաբերյալ ունեն միասնական մոտեցում, և իրենք փորձում են միասնական կյանքի կոչել համատեղ ծրագրերը:

 

Հարցին, թե քաղաքական երեք ուժերի առաջնորդները մասնակցելու են հանրահավաքին, Զոհրաբյանը պատասխանեց, որ հանրահավաքի հետ կապված բոլոր մնացած հարցերը քննարկվելու են երեք քաղաքական ուժերի առաջիկա հանդիպման ընթացքում:

 

Քառյակի անդամ երեք քաղաքական ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն: Մինչ այդ, երեք քաղաքական ուժերը մարզային այցելություններ կիրականացնեն, կհանդիպեն բնակիչենրի հետ: ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով չի մասնակցի հանրահավաքին և մարզային այցելություններին: