Հայաստանի տնտեսությունը («Ba2 կայուն» վարկանիշ) շարունակելու է կրել Ռուսաստանի (Baa1 բացասական) տնտեսական դանդաղեցման բացասական ազդեցությունը' պայմանավորված երկու երկրների միջև տնտեսական կապերի հանգամանքով: Այս մասին նշված է Moody's Investors Service վարկանիշավորող կազմակերպության հրապարակած զեկույցում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանման և երկիր դրամական փոխանցումների սպասվածից ավելի անկումից հետո Moody's-ը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2014 թվականի համար. այն սահմանվել է 2,1, իսկ 2015 թ. համար 2,3 տոկոս, այնինչ նախորդ զեկույցում կանխատեսվել էր, համապատասխանաբար, 3,2 և 3,6 տոկոս: Վերանայված ցուցիչները հիմնված են Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ նոր կանխատեսման վրա:

 

Չնայած դրան, Հայաստանի վարկունակությունը պահպանում է Ba2 (կայուն) կանխատեսումը' շնորհիվ մակրոտնտեսական կայունության և պահպանողական հարկաբյուջետային քաղաքականության:

 

Moody's-ը նշել է Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստանի համար հնարավոր ռիսկերը: Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստան ներկրման և երկրից արտահանման ընդհանուր ծավալի մոտ մեկ քառորդը. 2008-2012 թթ. Հայաստան ընդհանուր օտարերկյա ուղղակի ներդրումների գրեթե 45 տոկոսը, իսկ դրամական փոխանցումների 90 տոկոսը կատարվել են Ռուսաստանից: Հայաստանի ՀՆԱ-ի չափի 15 տոկոսը կազմող դրամական փոխանցումների կտրուկ նվազումը կարող է տնտեսական վիճակի վատթարացման պատճառ դառնալ:

 

Նշվում է, որ Հայաստանի վարկանիշը կարող է բարձրանալ, եթե երկրում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները հանգեցնեն տնտեսության առավել հավասարակշռված աճի: